Սոցցանցը ցանկանում է ներգրավել $10 մլրդ
Աշխարհի խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, հնարավոր է՝ փետրվարի 1-ին IPO անցկացնի։ Տեղաբաշխման երաշխավորը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան Morgan Stanley բանկը կլինի, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Տեղաբաշխման ժամկետները դեռ վերջնականապես հստակեցված չեն, սակայն սոցցանցը մտադիր է շուկայից $10 մլրդ ներգրավել: IPO-ի արդյունքում ընկերությունը կգնահատվի $75-100 մլրդ։
Թեև որպես IPO-ի մենեջեր կարող են հանդես գալ երկու կամ երեք ընկերություն, առավել մեծ դերակատարում այս հարցում, ամենայն հավանականությամբ, բացի Morgan Stanley-ից, կունենա ամերիկյան Goldman Sachs-ը։ Facebook-ը տեղաբաշխումից հետո տվյալներ պետք է հրապարակի իր ֆինանսական ցուցանիշների մասին։
Հատկանշական է, որ սոցցանցի IPO-ի անցկացման մասին WSJ-ն հաղորդել էր նաև անցած տարվա նոյեմբերին՝ դրա հնարավոր ժամկետներ նշելով 2012թ. երկրորդ կիսամյակը։
Սոցցանցի բաժնետոմսերի տեղաբաշխումը առավել սպասվածներից է ինտերնետային ծառայությունների բաժնեմասերի գնմամբ հետաքրքրվող ներդրողների շրջանում։ Անցած տարի IPO են իրականացրել նաև LinkedIn սոցցանցը, Pandora օնլայն ռադիոն, Groupon զեղչային ընկերությունը, առցանց խաղերի մշակմամբ զբաղվող Zynga ընկերությունը։
Ըստ WSJ-ի՝ մեկ այլ խոշոր սոցցանց՝ Twitter-ը, ևս մտադիր է տեղաբաշխում իրականացնել։ Թեև այս դեպքում նույնպես հստակ ժամկետներ չեն նշվում, այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա ընթացիկ տարում։
Facebook-ը ստեղծվել է 2004թ. և ներկայում ունի շուրջ 800 մլն օգտատեր, որից 500 մլն-ը կայքի ամենօրյա այցելու է։ WSJ-ի հաղորդմամբ՝ եթե առաջիկայում Facebook-ի ղեկավարությունը հրաժարվի IPO-ի անցկացման գաղափարից, այնուհանդերձ մինչև ապրիլ պետք է իր ֆինանսական ցուցանիշների մասին տվյալներ հրապարակի, քանի որ նրա բաժնետերերի թիվը գերազանցում է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC)՝ մասնավոր ընկերությունների համար թույլատրելի սահմանված 500-ը։
Civilnet











