Գլխավոր Լրահոս

Ասիայի ձգողականությունը մեծացել է

Ասիայի ձգողականությունը մեծացել է

Անշարժ գույքի համաշխարհային քարտեզը վերագծվում է

2010-2011 թթ. կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում կատարված համաշխարհային ներդրումների մեծ մասը բաժին է ընկել Լոնդոնին՝ $43 մլրդ։ Այսպիսի տվյալներ է պարունակում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած Jones Lang LaSalle անդրազգային ընկերության «Քաղաքների նոր աշխարհը. անշարժ գույքի շուկայի ներդրումային քարտեզի վերաբաժանում» վարկանիշը, որը ներառում է 30 քաղաք։

Վարկանիշի կազմման հիմքում ընկած է Jones Lang LaSalle-ի՝ շուրջ 300 քաղաքւմ կատարած ուսումնասիրությունը՝ նվիրված անշարժ գույքի գլոբալ շուկայի զարգացման միտումներին։

Ցուցակի առաջին հնգյակում, Լոնդոնից բացի, տեղ են գտել Տոկիոն ($32 մլրդ), Նյու Յորքը ($27 մլրդ), Հոնգ Կոնգը և Փարիզը (յուրաքանչյուրը՝ $18 մլրդ)։ Առաջին տասնյակում, ընդհանուր առմամբ, ներառված են եվրոպական երկու, ամերիկյան երկու, կանադական մեկ և ասիական հինգ քաղաքներ։ Ներդրումների ընդհանուր ծավալի մեկ քառորդը բաժին է ընկել հենց առաջին հնգյակի քաղաքներին։

Հետաքրքրական է, որ չնայած Եվրոպայի տնտեսական խնդիրներին՝ Լոնդոնը շարունակում է մնալ անշարժ գույքի ներդրումային շուկայի առաջատարը։ 2010-2011 թթ. լոնդոնյան շուկա ուղղված գումարները մեկ երրորդով գերազանցում են վարկանիշի երկրորդ տեղում հանգրվանած Տոկիոյի համատասխան ցուցանիշը։

«Լոնդոնից բացի՝ եվրոպական մեգաքաղաքների թվում են Փարիզը, Մոսկվան և Ստամբուլը, ինչի համար հիմք են հանդիսացել նրանց դիվերսիֆիկացված տնտեսությունները»,– ասել է Jones Lang LaSalle-ի Եվրոպական, մերձավորարևելյան և աֆրիկյան տարածաշրջանի հարցերով տնօրեն Քրիստիան Ուլբրիխը։ Նրա խոսքով՝ եվրոպական մյուս խոշոր քաղաքներից Մյունխենն ու Ստոկհոլմը, օրինակ, ոչ միայն լավ պայմաններ են առաջարկում անշարժ գույքի ներդրումների համար, այլև ինովացիոն ուղղվածություն ունեն, ինչը տնտեսական աճի ցածր տեմպի պայմաններում նրանց լայն հնարավորություններ կարող է ընձեռել։

Ըստ Jones Lang LaSalle-ի հետազոտության՝ ասիական քաղաքները բավական արագ են զարգանում։ Հետաքրքիր է, որ եթե 2004թ. ասիական քաղաքներից առաջին տասնյակում ներառվել էին միայն Տոկիոն և Հոնգ Կոնգը, ապա այս տարի նրանց շարքերը համալրել են Սինգապուրը, Շանհայը և Սեուլը։ Ընկերության փորձագետների կարծիքով՝ այս առումով զարգացման լավագույն հեռանկարներ ունի Չինաստանը, որտեղ գտնվում են ՀՆԱ-ի աճի ամենաարագ տեմպեր արձանագրող 10 քաղաքները։

Եվ չնայած ասիական քաղաքների աճի բավական ակնառու ցուցանիշներին՝ ԱՄՆ-ի քաղաքները լուրջ հակակշիռ են մնում նրանց։ Հատկանշական է, որ հենց ԱՄՆ-ի տարածքում է գտնվում համաշխարհային գրասենյակային անշարժ գույքի մոտ կեսը, և ամերիկյան քաղաքներ է ուղղվում կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում կատարվող ներդրումների ավելի քան մեկ երրորդը։ Պատահական չէ, որ Jones Lang LaSalle-ն կանխատեսում է, որ մինչև 2020թ. աշխարհի 30 խոշորագույն քաղաքների (ըստ ՀՆԱ-ի ծավալի) ցուցակում կներառվեն նաև 11 ամերիկյան քաղաքներ։

Ընկերությունում չեն բացառում, որ առաջիկա տասնամյակում անշարժ գույքի շուկայում ներդրումային ակտիվությամբ աչքի ընկնող 30 քաղաքների ցուցակը կընդլայնվի՝ հասնելով 50-ի՝ պայմանավորված ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացմամբ և կորպորատիվ վարձակալների աշխարհագրության ընդլայնմամբ։ Jones Lang LaSalle-ն կարևորում է նաև թվային կապի և տեխնոլոգիաների զարգացումը, ինչը մի շարք դեպքերում կվերացնի վարձակալի ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում