Դավոսյան գաղափարների հատընտիր
Շվեյցարական Ալպերում հունվարի 25-29-ը անցկացվեց Դավոսի ամենամյա՝ թվով 42-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ «Խոշոր վերափոխում. նոր մոդելների ձևավորում» կարգախոսով ֆորումին մասնակցեց ավելի քան 100 երկրի մոտ 2600 ներկայացուցիչ։ ՀՏՖ-ի օրակարգը բազմազան էր՝ ճգնաժամից մինչև կապիտալիզմ։ Դավոսում հնչած առավել ուշագրավ տեսակետներն ամփոփել է «Օրակարգ»-ը։
Կապիտալիզմի դասերը
ՀՏՖ-ի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբն այլևս չի հավատում ժամանակակից կապիտալիզմին։ «Ճգնաժամի դասերն այդպես էլ չսերտեցինք։ Իր ներկայիս տեսքով կապիտալիզմն այլևս չի տեղավորվում աշխարհի այսօրվա մոդելում»,– ասել է Շվաբը՝ առաջարկելով համագործակցության նոր ոճ մշակել, որը թույլ կտա համատեղ ուժերով հաղթահարել ծագած խնդիրները և ոչ թե թաքնվել բունկերներում։
Ի տարբերություն Շվաբի՝ Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կապիտալիզմը «ֆենոմենալ համակարգ» է անվանել։ «Մենք բարդ ժամանակներ ենք ապրում, սակայն գոյություն չունի մեկ այլ համակարգ, որն այդչափ բարելավել է մարդկության կյանքը»,– ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ որևէ մեկը երբևէ չի էլ պնդել, թե կապիտալիզմը լուծելու է բոլոր խնդիրները։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը, իր հերթին, առաջարկել է ուղևորվել Արևելք և համոզվել, որ կապիտալիզմը հեռու է ճգնաժամից։
«Արաբական գարունը» և ներդրողները
«Դավոս-2012»-ի «Ռևոլյուցիայից էվոլյուցիա» նստաշրջանը նվիրված է եղել «Արաբական գարնան» երկրների կառավարման խնդիրներին, որտեղ ժողովրդավարությունը ծնվում է իսլամական հիմքերի վրա։ «Քաղաքական իսլամի դերի մեծացումը չի սպառնում ժողովրդավարությանը»,– նշել են Հյուսիսային Աֆրիկայի առաջնորդները։ Նրանք իրենց գլխավոր խնդիրն են համարել ներդրողների վստահության պակասն այս տարածաշրջանի նկատմամբ։ «Ներդրումնե՛ր կատարեք մեզ մոտ, մի՛ վախեցեք մեզանից»,– կոչ է արել Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին։
Հնդկաստան՝ Չինաստանի փոխարեն
«Made in China պիտակների դարաշրջանն ավարտվել է»,– հայտարարել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայքլ Սփենսը։ Ըստ նրա՝ համաշխարհային նոր «գործարան» կարող է դառնալ Հնդկաստանը։ Չինաստանն աստիճանաբար դուրս է գալիս այն փուլից, երբ ավելի շահավետ էր ապրանքները սեփական տարածքում արտադրելը։ Շուտով այս տնտեսությունը կհայտնվի զարգացածների շարքում, ուստի կթանկանա նաև աշխատուժը, և չինական ընկերությունները լրջորեն կսկսեն մտածել արտադրությունը երկրից տեղափոխելու մասին։ Սփենսը հիշեցնում է, որ նախկինում այս ճանապարհն անցել են արևմտյան երկրները։
Վերջ էժան պարենամթերքին
«Առաջիկա մի քանի տարում աշխարհին անհրաժեշտ կլինի այնքան սնունդ, որքան արտադրվել է վերջին 10 հազ. տարում»,– ասել է բրիտանա-գերմանական Unilever ընկերության նախագահ Պոլ Պոլմանը։ Նրա կարծիքով՝ էժան պարենամթերքի դարաշրջանն ավարտվել է, պարենամթերքը թանկանալու է 2-3%-ով։ Պոլմանն աղքատներին կերակրելու համար առաջարկում է պարենամթերքի արտադրության տարեկան ծախսերն ավելացնել մի քանի տասնյակ միլիարդ դոլարով։ Ըստ Պոլմանի՝ պարենամթերքի թանկացումը կխթանեն սննդամթերքի չնվազող պահանջարկը և հողագործության համար կլիմայական անկայուն պայմանները։ Պոլմանը Դավոսյան ֆորումի նպատակներից մեկն էլ այնպիսի մոտեցումների մշակումն է համարել, որոնք երկարաժամկետ հեռանկարում ունակ են բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը։
Եվս ուշագրավ
Եգիպտական հասարակական գործիչ Մոեզ Մասուդ. «Տպագիր մամուլն արդեն հուշանվեր է»։
Ջորջ Սորոս. «Շուկան ոչ միշտ է ճիշտ»։
Հոնգ Կոնգի վարչակազմի ղեկավար Դոնալդ Ցանգ. «Օգնեք բանկերին, եթե միայն նրանք օգնելու են ոչ մեծ ձեռնարկություններին և աղքատներին»։
Civilnet











