Չավեսը որոշել է ոսկին փրկել ՆԱՏՕ-ից
Վենեսուելան ավարտել է օտարերկրյա բանկերից երկրի ոսկեարժութային պահուստների դուրսբերման գործընթացը։ Երեկ Կարակաս է փոխադրվել 14 տոննա ոսկի։ Սա վենեսուելական ռազմավարական պահուստներում թանկարժեք այս մետաղի վերջին խմբաքանակն էր, որը պահվում էր եվրոպական բանկերում և ենթակա էր տեղափոխման, հաղորդում է Bloomberg-ը։
Վենեսուլայի ոսկու պահուստների՝ արտերկրում գտնվող հատվածը երկիր վերադարձնել Ուգո Չավեսը խոստացել էր 2011թ. ամռանը, երբ ազգայնացնում էր ոսկու հանքարդյունաբերությունը երկրում։ Վենեսուելայի նախագահն այս քայլը պայմանավորել էր «համաշխարհային կապիտալիստական ճգնաժամի նախաշեմին երկրի ֆինանսական միջոցների առողջացմամբ»։ «Ինչպե՞ս մենք կարող են վենեսուելական ոսկին պահել Լոնդոնում։
Գեղեցիկ մի օր ինչ-որ մեկն այնտեղ կարող է որոշել, կամ էլ ՆԱՏՕ-ն կհայտարարի, թե այդ ոսկին իրենցն է»,– ասել էր Չավեսը։ Նրա կարծիքով՝ երկրի արտարժութային միջազգային գործառնական միջոցները պետք է մնան միայն Վենեսուելային «բարեկամ» պետություններում՝ Բրազիլիայում, Չինաստանում կամ էլ Ռուսաստանում։
Այսպիսով՝ վերջին երկու ամիսներին Վենեսուելա է վերադարձվել ընդհանուր առմամբ 160 տոննա ոսկի՝ $9 մլրդ ընդհանուր արժողությամբ։ Ավելի վաղ նախատեսվում էր երկիր տեղափոխել շուրջ $11 մլրդ ընդհանուր արժողությամբ ոսկի։ Այդուհանդերձ, արտերկրում մնալու է Վենեսուելայի ոսկու պահուստների 15%-ը՝ մոտ 50 տոննա ոսկի։ Այն օգտագործվելու է առավելապես ֆինանսական գործառնությունների համար։
«Ոսկու հայրենադարձումը ֆինանսական ողջամտության ու ինքնորոշման քայլ էր»,– հայտարարել է Վենեսուելայի կենտրոնական բանկի նախագահ Նելսոն Մերենտեսը։
Վենեսուելայի ընդդիմությունը կարծում է, որ ոսկեարժութային պահուստները տեղափոխել պահանջել են Չինաստանը, Ռուսաստանը և Բրազիլիան՝ փորձելով այս կերպ ապահովագրել պաշտոնական Կարակասի վերջին տարիների փոխառությունները։ Վենեսուելան բարեկամ եռյակին ավելի քան $30 մլրդ է պարտք։ Այժմ բանակցություններ են ընթանում ևս $4-ական մլրդ երկրներից յուրաքանչյուրից ներգրավելու ուղղությամբ։
Ըստ Վենեսուելայի ԿԲ-ի վերջին տվյալների՝ երկրի ոսկեարժութային պահուստները կազմում են $29,9 մլրդ, որից $18,3 մլրդ-ը՝ ոսկով։
Նշենք, որ դեպի Վենեսուելայի Կենտրոնական բանկի պահուստներ ոսկու ձուլակտորների փոխադրումը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ։
Civilnet











