Ռուսաստանի տնտեսությունը վերադարձել է 2008թ. 2-րդ եռամսյակ
2011թ. վերջին ռուսական տնտեսությունը հասել է մինչճգնաժամային մակարդակին, հաշվել են ռուսական «Ռենեսանս կապիտալ» ներդրումային բանկի փորձագետները՝ հիմք ընդունելով ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ «Ռոսստատ»-ի օրերս հրապարակած տվյալները։ Դրանց համաձայն՝ 2011թ. Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը, 2010թ. համեմատ, կազմել է 4,3%։ Նշենք, որ 2011թ. համար ՀՆԱ-ի աճի պաշտոնական կանխատեսումը 4,2% էր։
«2011թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալը, նախնական տվյալների համաձայն, ընթացիկ գներով կազմել է 54 տրլն 369,1 մլրդ ռուբլի։ ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2010թ. համեմատ կազմել է 104,3%»,– ասված է «Ռոսստատ»-ի հաղորդագրությունում։ Գործակալությունը ճշգրտել է նաև ՀՆԱ-ի 2010թ. դինամիկայի գնահատականը՝ 4,3% աճ՝ ավելի վաղ հրապարակված 4%-ի համեմատ։
ՀՆԱ-ի աճի մինչճգնաժամային պիկը բաժին է ընկել 2008թ. 2-րդ եռամսյակին, որից մեկ տարի անց երկրի տնտեսությունը կրկին սկսել է աճել, նշում են «Ռենեսանս»-ի փորձագետները։ Այսպիսով՝ ճգնաժամային տարիներին կորսվածը վերականգնելու համար ռուսական ՀՆԱ-ից պահանջվել է երեք ու կես տարի կամ 14 եռամսյակ։
Համեմատության համար նշենք, որ 1998թ. ճգնաժամից հետո Ռուսաստանի տնտեսությունը երկու անգամ ավելի արագ էր վերականգնվել՝ ընդամենը 7 եռամսյակում։ Այս անգամ հիասթափեցրել է արտահանումը։ Համաշխարհային տնտեսության ծանր դրության պատճառով արտահանումը Ռուսաստանում մինչճգնաժամային մակարդակին է հասել միայն երկու տարի անց։
Համեմատաբար բարենպաստ վիճակում է գտնվել սպառումը, որը տնային տնտեսություններում զգալիորեն քիչ է կրճատվել և ավելի արագ հասել մինչճգնաժամային մակարդակին, քան 1998թ. դեպքում էր։ Սրան նպաստել են տնային տնտեսությունների խնայողություններն ու Ռուսաստանի մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականությունը, նշել են «Ռենեսանս»-ում։
Ճգնաժամի նախաշեմին՝ դեֆոլտից տասը տարի հետո, ՌԴ տնտեսության վիճակն արմատապես տարբեր էր, վստահ են Ռուսաստանում բրիտանական HSBC բանկի փորձագետները։ Երկու այս ճգնաժամերի հիմնական տարբերությունն այն է, որ 1998թ. ճգնաժամը ցնցեց միայն զարգացող աշխարհը, այն չէր սպառնում զարգացած երկրներին։ 2008թ.տուժեցին բոլորը և հատկապես զարգացած տնտեսությունները։ «2008թ. ճգնաժամը ցույց տվեց, որ Ռուսաստանն ավելի խոցելի է գլոբալ խնդիրների առերեսվելիս։ Ուստի՝ անհրաժեշտ է նվազեցնել տնտեսության և պետական ֆինանսների կախվածությունը նավթից»,– վստահեցնում են HSBC-ի փորձագետները։
Հավելենք, որ ընթացիկ տարվա համար «Ռոսստատ»-ը Ռուսաստանում կանխատեսում է տնտեսության աճի դանդաղում մինչև 3,7%։
Civilnet











