Ջիմ Օ'Նիլը հիշեցնում է՝ Եվրոպան դեռ ամբողջ աշխարհը չէ
Եվրոգոտու ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա գերագնահատված է, և մտավախությունը, թե Եվրոպան ամբողջ աշխարհն իր հետևից անդունդ է տանելու, անհիմն է։ Գերմանական Handelsblatt-ին տված հարցազրույցում մեկնաբանում է ամերիկյան Goldman Sachs Asset Management-ի նախագահ և BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) տերմինի հեղինակ Ջիմ Օ'Նիլը:
-Պրն Օ'Նիլ, կկարողանա՞ արդյոք Եվրոպան գտնել պարտքային ճգնաժամի լուծման եղանակը։
-Ներկայիս ճգնաժամը ամենաարտասովորն է ֆինանսների աշխարհում ինձ հանդիպած բոլոր ճգնաժամերից։ Թե որ ուղղությամբ կզարգանան դեպքերը, բարդ է ասել։ Սակայն ըստ իս՝ մենք զգուշորեն ընթանում ենք սպասվածից շատ ավելի լավ արդյունք ստանալու ուղղությամբ։
-Փորձագետների մեծ մասի կարծիքով՝ Եվրոպան ներկայում տնտեսական ռեցեսիայի շեմին է։
-Միգուցե մենք այս ամենին չափազանց հոռետեսորեն ենք նայում։ Մտավախությունը, որ Եվրոպան ամբողջ աշխարհն իր հետևից անդունդ է տանելու, իմ կարծիքով՝ անհիմն է։ Ինչ-որ տեղ այս իրավիճակն ինձ հիշեցնում է 1997թ. ասիական ճգնաժամը։ Չինաստանն այդ ժամանակ հաջողությամբ հաղթահարեց ճգնաժամը, ինչը կայունացրեց համաշխարհային տնտեսությունը։ Հնարավոր է՝ նման կայունացնող գործոն այս անգամ դառնա Գերմանիան։
-Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի դերը եվրոգոտու ճգնաժամի հարցում։
-Կանցլեր Անգելա Մերկելը մշտապես մեծ զգուշություն է հանդես բերել։ Այժմ վստահ կարող եմ ասել, որ դա ճիշտ էր։ Միգուցե Գերմանիան ի վերջո ստանա այն, ինչ միշտ ցանկացել է՝ հարկային և քաղաքական միություն։
-Մի՞թե վերջինիս այլընտրանք կա։
-Կարծում եմ՝ ոչ։ Միակ այլընտրանքը կարող է Եվրոպական կենտրոնական բանկը լինել, որը պետք է շարունակի «առատաձեռն» մնալ։ Դա զգալիորեն կթեթևացնի շուկաների լարվածությունը։
-Որքանո՞վ է կարևոր Հունաստանը եվրոգոտու համար։
-Կարծում եմ՝ Հունաստանի նշանակությունը գլոբալ տնտեսական կոնյունկտուրայի համար գերագնահատված է։ Արդեն մի քանի ամիս է, ինչ շուկաները դիտարկում են Հունաստանի դեֆոլտի հավանականությունը։ Տպավորությունն այնպիսին է, որ շուկաներին Հունաստանի անվճարունակության հստակ ժամկետն է հուզում միայն։
-Նշանակություն ունի՞ արդյոք դեֆոլտի կառավարելիությունը։
-Այո՛։ Անկառավարելի դեֆոլտի դեպքում եվրոպական բանկերը բարդ իրավիճակում կհայտնվեն։ Կարծում եմ՝ մայիսի 20-ին Հունաստանը վերջնականապես կլուծի իր պարտքերի վերակառուցման հետ կապված բոլոր խնդիրները։ Պետք է հիշել, որ Եվրոպան դեռ ամբողջ աշխարհը չէ։ Եվրոգոտու ճգնաժամի նշանակությունը համաշխարհային տնտեսության համար գերագնահատված է։
-Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2020թ.։
-Մինչև 2020թ. BRIC պետություններն առաջ կանցնեն ԱՄՆ-ից։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա առաջիկա երեք տարում։ Ես անգամ պատրաստ եմ խաղադրույք կատարել, որ 2020թ. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարը ազգությամբ ոչ եվրոպացի կլինի, իսկ SDR-ով (Special Drawing Rights -փոխառության հատուկ իրավունքներ, ԱՄՀ-ն այն հաշվարկում է ԱՄՆ-ի դոլարից, եվրոյից, յենից և ֆունտ ստեռլինգից կազմված զամբյուղի դոլարային արժեքի հիմքի վրա–խմբ.) կատարվող հաշվարկների ժամանակ կօգտագործվի յուանը, հնարավոր է նաև ռուսական ռուբլին։
-Իսկ որտե՞ղ կլինի Եվրոպան։ Հետ կմնա՞ այն տնտեսական մյուս խոշոր խմբավորումներից։
-Դրա վտանգը կա։ Սակայն երեսուն տարվա ընթացքում ես հասկացել եմ, որ ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություններ է ստեղծում, որոնցից պետք է օգտվել։ Եվրոպան պետք է փոխվի, դառնա ավելի դինամիկ և իրական առաջնորդի հատկանիշներ դրսևորի։ Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է ի վերջո հասկանան, որ իրենք ապրում են ոչ թե կայուն, այլ փոփոխական աշխարհում։ Եթե նրանք սա հասկանան, ապա կարելի կլինի պնդել, որ այս ճգնաժամը ևս դրական կողմեր ուներ։
Civilnet











