Ընկերությունը թատրոնից հետ է պահանջում իր անունը
Լուսանկարչական ապարատների, ֆոտո և կինոժապավենների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Kodak ընկերությունը դատական հայցի օգնությամբ փորձում է վերանվանել հոլիվուդյան համանուն թատրոնը, որտեղ անցկացվում է կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը, հաղորդում է Reuters-ը։
Թատրոնը ֆոտոտեխնիկայի արտադրողի անունը ստացել է 2000թ.՝ շինության սեփականատեր CIM Group-ի և Kodak-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ $75 մլն-անոց այս գործարքի ժամկետը քսան տարի էր։ Հաշվի առնելով Kodak-ի ներկայիս ֆինանսական խնդիրները՝ ընկերությունն այլևս չի կարող տարեկան մոտ $4 մլն վճարել թատրոնին՝ այն իր անունով կոչելու համար։ Դատական հայցի բավարարման դեպքում CIM Group-ը կարող է կորպորատիվ այլ երաշխավոր փնտրել։
Ավելի վաղ տեղական մամուլը գրել էր, թե 2013թ. Ամերիկյան կինոակադեմիան մտադիր է փոխել «Օսկար»-ի անցկացման վայրը՝ օգտվելով թատրոնի հետ կնքված պայմանագիրը տասը տարի հետո խզելու իր իրավունքից։ Այդուհանդերձ, այս անգամ ևս՝ փետրվարի 26-ին, օսկարները Kodak-ում են բաշխվելու։
Հիշեցնենք, որ Kodak-ը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. ընկերությունը հունվարի վերջին հայտարարեց ժամանակավոր սնանկացման մասին։ 2011թ. Kodak-ը կորցրել է շուկայական արժեքի 88%-ը, ընկերությունն այժմ գնահատվում է $162 մլն, պարտքերը կազմում են $6,8 մլրդ՝ ակտիվների $5,1 մլրդ ընդհանուր ծավալի պայմաններում։ Նշենք նաև, որ ընկերության շուրջ 1100 արտոնագրերը, որոնք հանվել են վաճառքի, կարող են Kodak-ին $2 մլրդ բերել։
Civilnet











