Xstrata-ն և Glencore-ը միավորում են հանքերն ու հարթակները
Պղնձի արտադրությամբ զբաղվող աշխարհում չորրորդ՝ շվեյցարական Xstrata լեռնահանքային ընկերությունը միաձուլման շուրջ բանակցություններ է վարում հումքային խոշորագույն թրեյդերներից մեկի՝ շվեյցարական Glencore-ի հետ, հաղորդում է Reuters-ը։ Գործարքի արդյունքում շուկայում կհայտնվի մոտ $88 մլրդ կապիտալիզացիայով նոր խաղորդ, որն իր հզորությամբ կարող է համեմատվել անդրազգային Rio Tinto և BHP Billiton կորպորացիաների հետ։ Այն կլինի նաև պղնձի արտադրությամբ զբաղվող երկրորդ խոշոր ընկերությունը՝ չիլիական Codelco-ից հետո։
Փորձագետների համոզմամբ՝ միաձուլման արդյունքում ձևավորվող ընկերությունը, օգտվելով ֆինանսական իր գերազանց ցուցանիշներից, կշարունակի ագրեսիվ աճը նոր ակտիվների ձեռքբերման հաշվին։ Նշենք, որ մինչև 2002թ. շվեյցարական այս ընկերությունների բիզնեսը միասնական էր, և գործարքի հաջողության դեպքում, նրանք, ըստ էության, կվերամիավորվեն։
Glencore-ի կապիտալիզացիան ներկայում $50 մլրդ է, Xstrata-ինը՝ $45 մլրդ, միավորման արդյունքում կստեղծվի $88 մլրդ արժողությամբ ընկերություն։ Շուկայական արժեքի «կրճատման» պատճառն այն է, որ Glencore-ն արդեն տնօրինում է Xstrata-ի բաժնետոմսերի 34%-ը։
Glencore-ի և Xstrata-ի միաձուլման գործարքը փորձագետները դիտարկում են լեռնահանքային արդյունաբերության կոնսոլիդացիայի համատեքստում։ Ըստ PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության տվյալների՝ 2011թ. 1-ին կիսամյակում աշխարհում տեղի է ունեցել հանքարդյունաբերական ընկերությունների ձեռքբերման կամ միաձուլման $71 մլրդ-ի գործարք։ «Հանքարդյունաբերական ընկերությունները կփորձեն միավորվել։ Որոշ ենթաոլորտներում այս գործընթացն արդեն ավարտվել է, ինչպես երկաթաքարի դեպքում։ Հերթն այժմ պղնձինն է»,– ռուսական RBC Daily-ին ասել է Locker Associates խորհրդատվական ընկերության փորձագետ Մայքլ Լոքերը։
Փորձագետները չեն բացառում ստեղծվող նոր ընկերության կողմից ոլորտի այլ ձեռնարկությունների կլանումը ևս։ Դրանց թվում կարող են լինել երկաթաքարի արդյունահանմամբ զբաղվող ավստրալական Fortescue Metals Group-ը, ոսկու ու պղնձի արդյունահանման ոլորտում մասնագիտացած ամերիկյան Freeport-McMoRan Copper & Gold-ը և հարավաֆրիկյան Anglo American կոնգլոմերատը։ Վերջինիս կլանումը, ի դեպ, փորձագետներն ամենահավանականն են համարում։ Պլատինի խոշորագույն արտադրող Anglo American-ը զբաղվում է տարբեր օգտակար հանածոների արդյունահանմամբ գրեթե բոլոր մայրցամաքներում։ Ներկայում կոնգլոմերատը բավական էժան է գնահատվում, և շվեյցարացիները, ըստ ամենայնի, բոլոր շանսերը կունենան այն գնելու։
Xstrata-ն բազմիցս փորձել է միաձուլվել Anglo American-ի հետ, սակայն բանակցությունները մինչ այս արդյունք չեն տվել։ Glencore-ի ներկայությունը էականորեն կարող է փոխել իրավիճակը։ Ի դեպ՝ Glencore-ի և Xstrata-ի միաձուլման մասին լուրերի ֆոնին Anglo American-ի բաժնետոմսերը թանկացել են միանգամից 3%-ով։
Civilnet











