Գլխավոր Լրահոս

Եկեղեցին հանգամանորեն է խաղում

Եկեղեցին հանգամանորեն է խաղում

Անգլիկաններն աղոթում են նաև հեջ ֆոնդերի առողջության համար

Վերջին երկու տարում Անգլիկան եկեղեցին մոտ երկու անգամ ավելացրել է հեջ ֆոնդերում կատարվող ներդրումների ծավալը։ Միաժամանակ եկեղեցին ակտիվորեն քննադատում է բարձր պարգևավճարների հարցը, թեև հեջ ֆոնդերը հայտնի են իրենց հենց այս փորձառությամբ, գրում է բրիտանական The Financial Times-ը։

Ներկայում հեջ ֆոնդերում ներդրված է Անգլիկան եկեղեցու կապիտալի մոտ 10%-ը։ 2009թ. այս ցուցանիշը 4% էր։ Անգլիկան եկեղեցու ներդրումային պորտֆելը 5,5 մլրդ ֆունտ ստեռլինգ է ($8,7 մլրդ), որը տնօրինում են կոմիսիոներները՝ Քենտերբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուլիայմսի և Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամի գլխավորությամբ։

2010-ից կոմիսիոներները ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման նպատակով սկսել են ավելացնել հեջ ֆոնդերում ներդրումների ծավալը։ Այս ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել մասնավորապես 2011թ.։

Վերջին տարիներին Անգլիկան եկեղեցին բավական հեռատես ներդրող է դարձել։ 2008թ. 1 մլրդ ֆունտ ստեռլինգ կորուստից հետո 2009թ. եկեղեցու նպատակային հիմնադրամի միջոցների աճը կազմել է 15,6%, իսկ 2010թ.՝ 15,2%։ «Ֆինանսական ճգնաժամի ժամանակ հեջ ֆոնդերն ապացուցել են իրենց հնարավորությունները»,– բրիտանական պարբերականին ասել է Անգլիկան եկեղեցու անշարժ գույքի հարցերով առաջին կոմիսիոներ Անդրեաս Ուիտամը։

Հիմնադրամի տարեկան հաշվետվությունում Ուիտամը նշել է այն նախապայմանները, որոնք ընկած են հեջ ֆոնդերում եկեղեցու կատարվող ներդրումների հիմքում. գումարները չպետք է ներդրվեն այնպիսի հիմնադրամներում, որոնք կարող են բարձրացնել հումքի գները, եթե անգամ դրանք բարձր եկամուտներ են խոստանում, ինչպես նաև այն հիմնադրամներում, որոնք արժութային շուկայում կարող են գնային տատանումներ առաջացնել կամ էլ առողջ ընկերությունների համար խնդիրներ ստեղծել։

Միշտ չէ, որ Անգլիկան եկեղեցուն հաջողվել է համադրել ներդրումներից բարձր եկամուտներ ստանալու ձգտումը քրիստոնեական բարոյականության հետ։ Ընդհանուր սինոդը, որը հավաքվում է տարին երեք անգամ, ժամանակ առ ժամանակ թեժ քննարկումներ է ունենում եկեղեցու ֆինանսական հարցերի և հոգևորականության կենսաթոշակների խնդրի շուրջ։ Նշենք, որ երեկ մեկնարկել է անգլիկանների հերթական Ընդհանուր սինոդը։

2011թ. ապրիլին կոմիսիոներները տեղեկացրել էին այն ընկերություններին, որոնց բաժնետոմսերը տնօրինում է Անգլիկան եկեղեցին, թե իրենք չեն հաստատի մենեջմենթի տարեկան աշխատավարձի չափը 4 անգամ գերազանցող պարգևավճարները։ Հեջ ֆոնդերի լավագույն թրեյդերների պարգևատրումը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի, ինչը տասնապատիկ անգամ գերազանցում է նրանց հիմնական աշխատավարձի չափը։ Բրիտանական երեք խոշորագույն հեջ ֆոնդերը պատրաստվում են իրենց ոչ մեծ թվով գործընկերներին 2011թ. աշխատանքի դիմաց ավելի քան $3 մլրդ վճարել։

«Բարձր պարգևավճարները մեզ հաճելի են այնքան, որքան ինստիտուցիոնալ մյուս ներդրողներին»,– նշել է Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ եկեղեցին ներդրումներ է կատարում «միայն հանգամանորեն ընտրված հեջ ֆոնդերում», իսկ բարձր պարգևավճարներ է վճարում միայն այն դեպքում, երբ մենեջմենթն իսկապես արժանի է դրան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում