ԱՄՀ-ն հավատում է չինական կոմկուսի խոհեմությանը
Չինաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 8,2%-ով, կանխատեսել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները հիմնադրամի նախօրեին հրապարակած զեկույցում։ Նրանք չինական տնտեսության «կոշտ վայրէջքը» քիչ հավանական են համարում. այն հնարավոր է միայն երկու իրադարձությունների համընկման դեպքում՝ եթե փլուզվի եվրոգոտին, ու Չինաստանի կառավարությունը չցանկանա փրկել սեփական տնտեսությունը, հաղորդում է ԱՄՀ պաշտոնական կայքը։
ԱՄՀ զեկույցը ներառում է չինական տնտեսության զարգացման երկու սցենար՝ հիմնական՝ լավատեսական, և ռիսկային՝ հոռետեսական։
Լավատեսական սցենար
Լավատեսական սցենարը ենթադրում է, որ չինական ապրանքների պահանջարկի գլոբալ անկումն ընթացիկ տարում թեթևակի կդանդաղեցնի երկրի տնտեսության աճը, թեև 2013թ. այն կրկին կկազմի տպավորիչ 8,8%։ Չինական տնտեսության խթանմանը կնպաստի ներքին պահանջարկի աճը, որն էլ, իր հերթին, կապահովվի պետական ծախսերի հաշվին։
Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման պայմաններում Չինաստանի իշխանությունները հարկադրված կլինեն ավելի ակտիվ խթանիչ միջոցառումների դիմել։ Երկրի համար սովորական դարձած հարկային արտոնություններից բացի՝ կարող է դիտարկվել սոցիալական վճարների ավելացման տարբերակը։
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ Չինաստանի կառավարությունն ակտիվորեն պայքարում է անշարժ գույքի շուկայի փուչիկի դեմ։ Բնակարանների գների նվազման պայմաններում իշխանությունները ներդրողներին փրկում են հիմնականում սոցիալական բնակարանների պահանջարկի ավելացման հաշվին։ Այդուհանդերձ, մեծ է կորուստների վտանգն այն բանկերի համար, որոնք նախընտրել են շինարարական ակտիվները։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա ընթացիկ տարում այն ներկայիս մոտ 5%-ից կնվազի մինչև 3,3%։
Անցած տարվա ընթացքում չինական արժույթը՝ յուանը, արժևորվել է 6%-ով, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի առևտրային հաշվեկշռի վրա։ Այդուհանդերձ, պրոֆիցիտն այս տարի ևս կպահպանվի, և Չինաստանը կկարողանա շարունակել արժութային պահուստների համալրումը։
Արտաքին միջոցների ներհոսքի կրճատման պատճառով Չինաստանի ԿԲ-ն հարկադրված կլինի դիմել իրացվելիության բարձրացման միջոցառումների՝ նվազեցնելով, օրինակ, բանկերի պահուստային նորմերը։
Չինական տնտեսության գլխավոր սպառնալիքը, առայժմ, արտահանման տեմպի դանդաղման ու անշարժ գույքի գների նվազման զուգահեռ միտումն է։ Սա կարող է հարվածել նաև մունիցիպալ իշխանություններին, որոնց պարտքերը գերազանցում են երկրի ՀՆԱ-ի 20%-ը։
Ըստ ԱՄՀ փորձագետների՝ «ստվերային» բանկերի լայն տարածումը երկրում հանգեցնում է կարգավորչի կողմից ֆինանսական շուկայի վերահսկողության կորստին։ Աճում են նաև փոքր «սպիտակ» բանկերի ռիսկերը։ Այսպիսի բանկերը խնդիրներ ունեն իրացվելիության հետ, քանի որ ստվերային շուկան գրավում է նաև նրանց հաճախորդներին։
Բացի այդ՝ ներդրումների արագ աճը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել չինական բանկերի և կորպորացիաների ակտիվների վատթարացմանը։ Խնդրի լուծմանը կարող է նպաստել ներքին սպառման ավելացումը։
Հոռետեսական սցենար
ԱՄՀ հոռետեսական սցենարի դեպքում, եթե Եվրոպայի պարտքային ճգնաժամի ֆոնին (իսկ Եվրոպայի ՀՆԱ-ն կկրճատվի 4%-ով) համաշխարհային տնտեսությունը կրճատվի մինչև 1,75%, մեծ է Չինաստանի տնտեսության «կոշտ վայրէջքի» հավանականությունը. ՀՆԱ-ի տարեկան աճը կկրճատվի մինչև 4%, սակայն միայն այն դեպքում, եթե տեղական իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեն դրությունը փրկելու ուղղությամբ։
Անգամ այս դեպքում չինական բանկային համակարգը չի տուժի. նրան բաժին է ընկնում եվրոպացիների պարտավորությունների միայն 1%-ը։ Այդուհանդերձ, արտաքին շոկ կապրեն անգամ այն կորպորացիաները, որոնք կողմնորոշված են դեպի ներքին պահանջարկ։
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ երկրում ճգնաժամի տարածման հիմնական աղբյուր կարող է դառնալ արտահանումը, քանի որ ԱՄՆ-ին և Եվրոպային բաժին է ընկնում Չինաստանի արտաքին առևտրի կեսը։ Հենց արտահանման ծավալների կրճատումը կհանգեցնի տնտեսական աճի՝ մինչև 4% դանդաղմանը։ Այդուհանդերձ, հոռետեսական սցենարի դեպքում էլ, եթե Չինաստանը 2012-2013 թթ. սեփական տնտեսությունը խթանի ՀՆԱ-ի 3%-ի չափ լրացուցիչ միջոցներով, ապա տնտեսության աճը կկրճատվի միայն 1-տոկոսային կետով, ամփոփում է ԱՄՀ զեկույցը։
Civilnet











