Ճգնաժամի դեմ պայքար՝ 150 հազ. աշխատատեղի կրճատման ճանապարհով
Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուներին խոստացել է մինչև 2012թ. վերջ 15 հազ. աշխատատեղ կրճատել, մինչև 2015թ.՝ 150 հազ., ինչպես նաև իջեցնել նվազագույն աշխատավարձի, հնարավոր է նաև կենսաթոշակի կուտակային մասի շեմը, հաղորդում է Bloomberg-ը։ Երեկ մինչև ուշ երեկոյան Հունաստանի կառավարության և միջազգային վարկատուների եռյակի (Եվրահանձնաժողով, Արժույթի միջազգային հիմնադրամ և Եվրոպական կենտրոնական բանկ) միջև շարունակվում էին բանակցությունները՝ Աթենքին օգնության հերթական տրանշի՝ €130 մլրդ-ի տրամադրման շուրջ։ Քննարկումներում տեղ է գտել նաև ընթացիկ տարում հունական պետծախսերը €1,3 մլրդ-ով կրճատելու հարցը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Հունաստանին մեղադրել էր բանակցությունների վերջնաժամկետը հետաձգելու փորձերի մեջ, իսկ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիլի Կրուսը հայտարարել էր, թե եվրոգոտին կարող է խուսափել «աղետից», եթե Հունաստանը հարկադրված լինի լքել արժութային միությունը։ «Աշխարհի վերջը չէ, եթե ինչ-որ մեկը լքի եվրոգոտին»,– ասել էր Կրուսը՝ նշելով, թե վերադարձն ազգային դրահմային, այդուհանդերձ, ուժեղ հարված կլինի հունական տնտեսությանը։
Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը, իր հերթին, ճգնաժամը համեմատել էր Լեռնեյան հիդրայի հետ, որին կարելի է հաղթել միայն միասնական ուժերով և ջանքերով։ «Մենք այս մարտում պետք է միասնաբար կռվենք՝ մի կողմ դնելով եսասիրական շահերը»,– երկրում իշխող կոալիցիայի անդամներին դիմել էր նա՝ որպես օրինակ բերելով Հերկուլեսին, որին հաջողվել է հաղթել միֆային հրեշին։
Նշենք, որ Հունաստանի իշխանություններն արդեն նախնական պայմանավորվածություն ունեն «եռյակի» հետ՝ առողջապահության ոլորտի ծախսերը €1,1 մլրդ-ով, տեղական ինքնակառավարման մարմիններին լրահատկացումները €400 մլն-ով և պաշտպանության ոլորտի ծախսերը €400 մլն-ով կրճատելու շուրջ։ Բացի այդ՝ պաշտոնական Աթենքը խոստացել է մինչև 2015թ. կրճատել 150 հազ. աշխատատեղ ևս։
Ավելի վաղ երկրի կոալիցիոն կառավարությունը պարտավորվել էր ընթացիկ տարում ծախսերը կրճատել €3,3-3,5 մլրդ-ով (ՀՆԱ-ի 1,5%)՝ բյուջետային դեֆիցիտի կրճատման ծրագրի դրույթներին համապատասխանելու համար։ Նշենք նաև, որ մինչ այս հույները հրաժարվում էին գնալ բյուջեի դեֆիցիտի կրճատման, քանի որ ծախսերի կրճատումն առաջացնում է համախառն պարտքի և հետևաբար՝ հարկային մուտքերի կրճատում։
Վարկատուների եռյակի հետ բանակցությունների հեռանկարը չի ոգևորել Հունաստանի քաղաքացիներին։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բանակցություններ չեն։ Սա ամբողջ ժողովրդի ուղղակի, ցինիկ շանտաժ է»– երեկ հայտարարել է Հունաստանում խոշորագույն արհմիության ղեկավար Յանիս Պանագոպուլոսը։
Եվ մինչ պաշտոնական Աթենքը բանակցում էր, հունական պետական ու մասնավոր խոշորագույն արհմիությունները՝ ADEDY-ը և GSEE-ը, բողոքի համընդհանուր ակցիա էին կազմակերպել։ Երեկ ամբողջ օրը պարապուրդի են մատնված եղել պետական բոլոր հաստատությունները՝ դպրոցները, բուհերը, հիվանդանոցները և այլն։
Civilnet











