Չինաստանը մտադիր է ստեղծել սպեկուլյատիվ պարտատոմսերի շուկա
Առաջիկա երկու ամսում Չինաստանում կստեղծվի բարձր ռիսկայնության պարտատոմսերի շուկա, ինչը փոքր և միջին բիզնեսի համար կհեշտացնի փոխառությունների ներգրավումը։ Պարտավորությունների թողարկման շուկայում մինչ այս գերիշխել են պետական ընկերություններն ու իշխանական կառույցները։ Փորձագետների կարծիքով՝ այս քայլը կօգնի կրճատել վարկավորման ստվերային շուկայի ծավալները և կխթանի տնտեսական աճը։
Բարձր ռիսկայնության պարտատոմսերի շուկա ստեղծելու մտադրության մասին չինական բրոքերային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Արժեթղթերի կարգավորման չինական հանձնաժողովի (CSRC) ներկայացուցիչը։ Սա փոքր և միջին բիզնեսի ոչ հանրային ընկերություններին թույլ կտա պարտատոմսեր թողարկել։ Ընդ որում՝ դրա համար անհրաժեշտ կլինի միայն ծանուցել կարգավորիչ մարմիններին։ Վերջիններս չեն ստուգելու և չեն հաստատելու արժեթղթերի թողարկումները՝ անկախ դրանց եկամտաբերության, հետևաբար և ռիսկայնության աստիճանից։
Պարտատոմսերի շուկան Չինաստանում համեմատաբար թույլ է զարգացած։ Այդպիսիք թողարկում են հիմնականում Չինաստանի ֆինանսների նախարարությունը, պետական մասնակցությամբ առևտրային բանկերը և պետական ձեռնարկությունները։ Վերջին տարիներին փոխառությունների շուկայում ևս մեկ խաղորդ է հայտնվել՝ տեղական իշխանությունները։ Ընդ որում՝ շուկան բավականին մասնատված է, պարտատոմսերի թողարկումը վերահսկում են մի քանի մարմիններ։
2005թ. ստեղծվել է առևտրային մուրհակների միջբանկային շուկան (կարգավորիչը՝ NAFMII), որը զգալիորեն վտանգել է CSRC-ի վերահսկողության ներքո գտնվող հարթակների հեղինակությունն ու գրավչությունը։ Այժմ առևտրային մուրհակները ոչ ֆինանսական ընկերությունների համար իրացվելիության ապահովման գլխավոր աղբյուրներից են, քանի որ արժեթղթերի թողարկումների համար շատ ավելի հեշտ է ստանալ NAFMII-ի, քան CSRC-ի հաստատումը։
Չինական ԿԲ-ի տվյալների համաձայն՝ CSRC-ի վերահսկողությամբ թողարկվել է 2011թ. վաճառված կորպորատիվ արժեթղթերի միայն 5,6%-ը՝ 2,2 տրլն յուանի ($348 մլրդ) ընդհանուր թողարկման պայմաններում։ Ֆոնդային բորսաներում գրանցված է շրջանառության մեջ գտնվող 22,1 տրլն յուանի ($3,5 տրլն) պարտատոմսերի միայն 2,9%-ը։
Այդուհանդերձ, առևտրային մուրհակների շուկան բաց է միայն խոշոր ընկերությունների համար, այն դեպքում, երբ փոքր ու միջին բիզնեսը բախվում է փոխառությունների ներգրավման խնդրին, հատկապես բանկային վարկավորման պահանջների խստացումից հետո։ «Փոքր և մասնավոր չինական ընկերությունների համար շատ ավելի բարդ է փոխառություններ ստանալը պետական բանկերից, քան պետական ընկերությունների դեպքում է։
Արդյունքում նրանք հարկադրված են փոխառել ստվերային շուկայից։ Աղբային պարտատոմսերի շուկայի զարգացումը փոքր ընկերություններին թույլ կտա ավելի էժան վարկեր ներգրավել»,– ռուսական РБК Daily-ին ասել է Capital Economics-ի փորձագետ Վան Ցինվեյը։ Շվեյցարական UBS բանկի փորձագետները 2011թ. կեսին Չինաստանում ստվերային շուկայի ծավալները գնահատել են 4 տրլն յուան ($627 մլրդ), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 10%-ը։
Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ֆինանսների և բանկային գործի ինստիտուտի տնօրեն Ին Ցյանֆենը կարծում է, որ պետք չէ սպեկուլյատիվ պարտատոմսերի շուկայից հրաշքներ սպասել։ «Անիրատեսական կլինի ակնկալել, որ աղբային պարտատոմսերի շուկան արմատապես կփոխի պարտատոմսերի չինական շուկայի կառուցվածքը, որտեղ դեռ գերիշխում են պետական ընկերությունները»,– ասել է Ցյանֆենը։
Civilnet











