Սոմալին թանկ է նստում համաշխարհային տնտեսության վրա
2011թ. Սոմալիի ծովահենները համաշխարհային տնտեսությանը $6,6-6,9 մլրդ-ի վնաս են պատճառել։ Այսպիսի տվյալներ է պարունակում ամերիկյան One Earth Future հիմնադրամի Oceans Beyond Piracy նախագծի հաշվետվությունը։
Oceans Beyond Piracy-ի տվյալների համաձայն՝ ծովահենության պատճառած ընդհանուր վնասի 80%-ը բաժին է ընկել նավաշինական ընկերություններին, 20%-ը՝ այն կառավարություններին, որոնց նավերի վրա հարձակվել են սոմալիեցի ծովահենները։ Վնասի զգալի մի մասը վառելիքային ծախսերինն է՝ $2,7 մլրդ։ Նավերը, անվտանգության նկատառումներից ելնելով, սոմալիական ափերի մոտ հարկադրված են մեծացնել արագությունը։
Բավական ծախսատար է եղել նաև պաշտպանողական միջոցառումների խստացումը։ Մասնավորապես՝ $1,3 մլրդ է ծախսվել ռազմական գործողությունների, իսկ $1,1 մլրդ՝ զինված պաշտպանության և անվտանգության միջոցառումների իրականացման համար։ $650 մլրդ-ական գումար է ծախսվել ապահովագրության և ծովային ավելի ապահով, սակայն ավելի երկար երթուղիներ փնտրելու վրա։ Նշենք, որ ծովահենության դեմ պայքարի վրա (երթուղիների որոնում, ազատազրկում և հանցագործների դեմ պայքարի միջոցառումների ընդլայնում) ընդհանուր առմամբ ծախսվել է $38 մլն։
2011թ. փրկագնի միջին չափը, որը ծովահենները պահանջել են պատանդների դիմաց, տարեկան կտրվածքով ավելացել է մեկ քառորդով՝ $4 մլն-ից մինչև $5 մլն։ Փրկագնային ծախսերը, ընդհանուր առմամբ, կազմել են $160 մլն, ինչը ծովահենության պատճառած ընդհանուր վնասի 2%-ն է միայն։
Համեմատության համար նշենք, որ 2010թ. ռազմական գործողությունների վրա ծախսվել է մոտ $2 մլրդ, փրկագների վրա՝ ավելի քան $238 մլն։ Ընդհանուր վնասը կազմել է $7-12 մլրդ։
Ծովահենությունը սոմալիեցիներին օգնում է գումար վաստակել և աշխատատեղեր ապահովել, վստահ են բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետները։ ՄԱԿ-ի 2008թ. հաշվարկներով՝ երկրում աշխատատեղերի ավելի քան 40%-ն ապահովում է ծովահենությունը։ Միջազգային ծովային բյուրոյի (IMB) տվյալների համաձայն՝ 2010թ. սոմալիեցի ծովահենները 1016 պատանդ են վերցրել, ամենաբարձր փրկագինը կազմել է ռեկորդային $9 մլն։
Civilnet











