Արաբական Etihad Airways-ը 2011-ը շահույթով է փակել
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային առաջատար ավիափոխադրող Etihad Airways-ը հայտարարել է գործունեության ութ տարիների ընթացքում առաջին շահույթի մասին։ 2011թ. ընկերությունը վաստակել է $14 մլն, հաղորդում է Gulfnews-ը։
Անցած տարի ավիաընկերության հասույթը կազմել է $4,1 մլրդ, ինչը մեկ երրորդով գերազանցում է 2010թ. տարվա ցուցանիշը։ Ֆինանսական այսպիսի տվյալների շնորհիվ Etihad Airways-ը արաբական ավիաընկերությունների շարքում Emirates Airline-ից և Air Arabia-ից հետո զբաղեցրել է երրորդ տեղը՝ շահութաբերության ցուցանիշով։ 2011թ. Etihad Airways-ը տեղափոխել է 8,3 մլն ուղևոր։ 2010թ. ընկերության ուղևորահոսքը 17%-ով քիչ է եղել՝ 7,1 մլն մարդ։
Etihad Airways-ը հիմնվել է 2003թ.։ Ներկայում այն չվերթներ է իրականացնում 83 ուղղություններով՝ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա։ Ընկերության ավիապարկում հաշվվում է Airbus և Boeing մակնիշի 65 ինքնաթիռ։
Etihad-ի բաժնետոմսերի 29,21%-ը պատկանում է գերմանական մեծությամբ երկրորդ ավիափոխադրող Airberlin-ին։ Բացի այդ՝ հունվարին ընկերությունը փոխըմբռնման մասին հուշագիր է ստորագրել Սեյշելյան կղզիների կառավարության հետ. Etihad-ը մտադիր է $20 մլն վճարել Air Seychelles-ի բաժնետոմսերի 40%-ի դիմաց։
Նշենք, որ անցած տարվա վերջին Etihad Airways-ը Boeing-ի հետ պայմանագիր է կնքել տասը B787-9 Dreamliner ուղևորատար և երկու B777 Freighter բեռնատար ինքնաթիռների ձեռքբերման շուրջ։
Civilnet











