Կամ մտորումներ միասնական արժութային համակարգի շուրջ
Միջազգային միասնական արժութային համակարգի շուրջ երկրները պայմանավորվածություն կարող էին ձեռք բերել միայն 1944թ. Բրետոն-Վուդսում։ Թեև 2008-ից սկսած՝ «ճգնաժամ» բառն ամենահաճախը կիրառվել է տնտեսական զեկույցներում, այդուհանդերձ այսօր ոչ ոք լրջորեն չի համեմատում ներկայիս պարտքային խնդիրները գլոբալ մասշտաբի իրական ճգնաժամի հետ, ինչպիսին, օրինակ, Երկրորդ աշխարհամարտն էր, որը և հանգեցրեց Բրետոն-Վուդսյան համաձայնագրերի կնքմանը, գրում է Fullermoney Global Strategy ներդրումային տեղեկագրի հրատարակիչ Դեյվիդ Ֆուլերը բրիտանական The Financial Times-ում։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Ինձ թվում է՝ չափազանցություն կլիներ ներկայիս խնդիրները «համաշխարհային պարտքային ճգնաժամ» կամ «կապիտալիզմի ճգնաժամ» անվանելը։ Ի՞նչ է, զարգացող տնտեսությունները՝ ասիականների գլխավորությամբ, ճգնաժամի մե՞ջ են։ Իհարկե ո՛չ։ Վստահ չեմ, որ ԱՄՆ-ի կառավարության, առանձին նահանգների և սպառողների պարտքային զգալի ծանրաբեռնվածությունը կարելի է լիակատար ճգնաժամ համարել, թեև, անկասկած, նրանք ունեն երկարաժամկետ բնույթի որոշակի խնդիրներ։ Եվրոգոտու ճգնաժամի հիմքում բացառապես սեփական գործողություններն են, ու հնարավոր է, որ այն հետևում է թողել ամենածանր փուլը՝ սկսած այն պահից, երբ Եվրոպական կենտրոնական բանկը սկսեց գործել որպես վերջին ատյանի վարկատու։
Ես նաև վստահ եմ, որ չկա «կապիտալիզմի որևէ ճգնաժամ», թեև բարոյական ցածր չափանիշների լրջագույն խնդիրը շատ հաճախ է խարխլում կապիտալիզմի հեղինակությունը։
Այդ պատճառով առաջիկա տասնամյակում ես չեմ ակնկալում միջազգային արժութային նոր համակարգի ձևավորում։ Դրա ստեղծման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը գործնականում անհնար է, և հետո այսօր որևէ կառավարություն լրջորեն լոբբինգ չի անում Բրետոն-Վուդսյան համաձայնագրերի մասշտաբի ինչ-որ մի բանի ընդունումը։
Ո՛չ, աշխարհը դեռ հարմարվում է համեմատաբար նոր և բարձր մրցակցային միջավայրին, որը ծնել է գլոբալիզացիան։ Թեև Արևմուտքում գլոբալիզացիայի հետևանքները միանշանակ չեն ընդունվում, անկասկած, շատերի կենսամակարդակն այնտեղ իջել է՝ բիզնեսի վարման պայմանները հավասար դառնալուն զուգահեռ։ Ամեն դեպքում, գլոբալիզացիան ապացուցել է, որ ավելի շատ առավելություններ ունի, քան թերություններ։ Դրանում համոզվելու համար բավական է հարցնել զարգացող երկրների մի քանի հարյուր միլիոն մարդկանց, որոնք աղքատության շեմին են եղել ու վերջին 10-20 տարում վերածվել են միջին խավի։
Մյուս կողմից՝ եթե ոչ նոր Բրետոն-Վուդս, ապա ինչպիսի՞ն կլինի համաշխարհային արժութային համակարգն առաջիկա տասնամյակում։
Կարծում եմ՝ այն կլինի բազմարժութային, պահեստային արժույթներն էլ կլինեն չորսը՝ ԱՄՆ-ի դոլար, եվրո, ճապոնական յեն և չինական յուան (արժույթների դասակարգումը՝ ըստ դրանց ներկայացրած տնտեսությունների հզորության)։ Թեև դրանք բոլորն էլ թերություններ ունեն՝ և՛ բնածին (դրանք թղթային են ու չապահովված), և՛ ընթացիկ հանգամանքներով պայմանավորված։
Դոլարը, անկասկած, դեռ ամենաազդեցիկ և իրացվելի արժույթն է, սակայն այն պարտապան երկրի արժույթ է, ինչպես եվրոն։ Ճապոնիան, չնայած առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտին, ահռելի պարտք ունի։ Յուանը վարկատու երկրի արժույթ է, ու թեև Չինաստանի կոմունիստական առաջնորդները կապիտալիստական համակարգ են կառուցում, այդուհանդերձ ժողովրդավարության նկատմամբ նրանք իրական հետաքրքրություն դեռ չեն դրսևորում, ինչը յուանի օգտին չէ։
Երկարաժամկետ հեռանկարում յենի դերը՝ որպես պահեստային արժույթի, կնվազի՝ համաշխարհային վարկանիշում ճապոնական տնտեսության դիրքերի կորստին զուգահեռ։ Եվրոն դեռ շարունակում է մնալ քաղաքական նախագիծ և փորձարարական արժույթ, այն կապրի քանի դեռ քաղաքական գործիչներն են այդպես կամենում։ Տնտեսական աճի ցածր տեմպի պայմաններում անգամ Եվրոպան կշարունակի մնալ տնտեսական խոշոր բլոկ։
Դոլարը կպահպանի արժութային հանգրվանի իր դերն անկայուն և ճգնաժամային ժամանակաշրջանում՝ շնորհիվ իրացվելիության և կայունության, որոնք ապահովում է զարգացած ժողովրդավարությունը։ Երբ Չինաստանը դառնա համաշխարհային խոշորագույն տնտեսություն, իսկ յուանը՝ լիովին փոխակերպելի արժույթ, այն անկասկած կդառնա պահուստային կարևոր արժույթ։
Ենթադրում եմ, որ ժամանակի ընթացքում պահուստային արժույթների շարքին կդասվեն նաև հնդկական ռուփին և բրազիլական ռեալը, եթե իհարկե այս երկրների տնտեսությունները նախկինի պես շարունակեն ակտիվ զարգանալ։
Եվ վերջին՝ ոչ պակաս կարևոր կետը. չապահովված թղթադրամների աշխարհում ներդրողների և կենտրոնական բանկերի աչքում պահուստային կարևոր արժույթ է շարունակում մնալ ոսկին, ամփոփում է տեսակետը Ֆուլերը։
Civilnet











