Գլխավոր Լրահոս

Կադրերը զտում են Yahoo!-ն

Կադրերը զտում են Yahoo!-ն

Տնօրենների խորհուրդն ընկերությունը վաճառքի է պատրաստում

Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերությունը կադրային զտումներ է սկսել. այս ամռանն իրենց պաշտոնները կլքեն տնօրենների խորհրդի չորս անդամներ, այդ թվում՝ նախագահ Ռոյ Բոստոկը։ Փոփոխությունների նպատակը բաժնետերերին սիրաշահելն ու ընկերության՝ ճապոնական ակտիվների վաճառքի հնարավորությունները մեծացնելն է, հաղորդում է Bloomberg-ը։

Ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում՝ մասնավորապես ընկերության բաժնետերերի հունիսին կայանալիք ժողովից հետո, տնօրենների խորհրդից կհեռանան Գերի Ուլիսոնը, Արթուր Քենը և Վայոմեշ Ջոշին։ Փորձագետների կարծիքով՝ կադրային այս վերափոխումներն անսպասելի չէին, հատկապես այն բանից հետո, երբ անցած տարվա սեպտեմբերին Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնը լքեց Քերոլ Բարտցը, իսկ այս տարվա հունվարին՝ նաև ընկերության համահիմնադիր Ջերի Յանգը։

Կադրային փոփոխությունների հիմնական նախաձեռնողը ընկերության բաժնետերերն են, որոնք տնօրենների խորհրդին մեղադրում են վատ աշխատանքի մեջ։ Վերջին շրջանում Yahoo!-ն զգալի թվով օգտատերեր է կորցնում և շուկայում դիրքերն աստիճանաբար զիջում Google որոնողական հսկային և Facebook սոցցանցին։

Ըստ Yahoo!-ի պաշտոնական հաղորդագրության՝ այս փոփոխություններն ընկերությանը հնարավորություն կտան առավել արագ տեմպերով առաջ շարժվել։ Yahoo!-ն տեղեկացրել է նաև տնօրենների խորհրդի երկու նոր անկախ անդամների նշանակման մասին։ Այսպես՝ խորհրդի կազմը համալրել են ամերիկյան Rovi տեխնոլոգիական կորպորացիայի նախկին ղեկավար Ալֆրեդո Ամորոզոն և eBay աճուրդային ընկերության նախկին գործադիր տնօրեն Մեյնարդ Ուեբ Կրտսերը։ Ինչ վերաբերում է խորհրդի նախագահին, Yahoo!-ն մտադիր է այս պաշտոնին արտաքին թեկնածուի նշանակել։

Հատկանշական է, որ Yahoo!-ի բաժնետոմսերն այս լուրերի ֆոնին թանկացել են մինչև $16։ Ամերիկյան Susquehanna Financial Group-ի փորձագետների խոսքով՝ ներդրողների մեծ մասի համար այս փոփոխությունները կանխատեսելի են եղել, իսկ տնօրենների խորհրդում առավելապես հետաքրքրված են բիզնեսի վաճառքով, քան կորպորատիվ խնդիրներով։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Yahoo!-ն մտադիր է $11,5 մլրդ-ով վաճառել ասիական իր ակտիվները՝ չինական Alibaba-ի իր մասնաբաժինը (25%) և որոնողական համակարգի ճապոնական տարբերակը՝ Yahoo! Japan (35%)-ը։ Սկզբնապես ընկերությունը նախատեսում էր այս ակտիվների դիմաց ներգրավել $17 մլրդ։

Գնորդների հիմնական թեկնածուները Alibaba-ն և ճապոնական Softbank կորպորացիան են (Yahoo! Japan-ի բաժնետեր)։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել վաճառքն այնպես կազմակերպել, որ Yahoo!-ն հարկադրված չլինի միլիարդավոր դոլարների հարկեր վճարել։ Reuters-ի հաղորդմամբ՝ թեև գործարքը «ցավագին դանդաղ» է ընթանում, Alibaba-ն նախօրեին բանկերի հետ $3 մլրդ փոխառության շուրջ համաձայնության է եկել, որի մի մասը կհատկացվի Yahoo!-ի բաժնեմասի ձեռքբերմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում