Գլխավոր Լրահոս

Չորրորդն ավելորդ չէ

Չորրորդն ավելորդ չէ

Եվրոպան ստեղծում է սեփական վարկանշային գործակալությունը

Եվրոպացիները մտադիր են ամերիկացիներին զրկել վարկունակության գնահատման շուկայի մենաշնորհից։ Հին աշխարհը ստեղծում է սեփական վարկանշային գործակալությունը, որը պետք է լուրջ մրցակցություն ապահովի ամերիկյան մեծ եռյակին՝ Standard & Poor's-ին (S&P), Moody's-ին և Fitch-ին։ Փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ նոր գործակալության ստեղծումը դժվար թե լուծի եվրոգոտու պարտքային խնդիրները, գրում է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը (DW)։

«Մենք իրադրությանն անկախ գնահատական ենք տալիս»,– DW-ին ասել է S&P-ի գերմանական մասնաճյուղի ղեկավար Տորստեն Հինրիխսը։ Գործնականում վարկանշային գործակալությունների գնահատականից շատ բան է կախված, քանի որ վարկային վարկանիշն արտացոլում է ընկերության կամ պետության՝ սեփական պարտքերը սպասարկելու ունակությունը, գրում է DW-ն։

Այդպիսով՝ միջազգային վարկանշային գործակալություններն ինչ-որ առումով դատավորի դեր են կատարում։ Վարկանիշի իջեցումը հանգեցնում է նոր վարկերի թանկացմանը, երբեմն նաև կորպորատիվ կամ պետության տնտեսական քաղաքականության ուղեգծի փոփոխությանը։ Գերմանացի քաղաքագետ Յենս Ռոզենբաումի կարծիքով՝ կանխատեսման իջեցումը նվազեցնում է իշխող քաղաքական ուժի կամ գործչի վերընտրման շանսերը։

Վարկանիշ պատվիրե՞լ եք

Գործակալությունների վարկանիշները նման են սերտիֆիկատների։ Շնորհելով վարկային այս կամ այն վարկանիշը՝ գործակալությունները հաստատում են օբյեկտի համապատասխանությունը նախապես սահմանված չափանիշներին։ Հենց այս չափանիշներն էլ կողմնորոշում են ներդրողներին։ Վերջիններիս անհրաժեշտ են հիմնավորված տվյալներ այն ընկերությունների մասին, որոնց գումարներ են տրամադրելու։ Նախկինում այս ծառայության դիմաց վճարում էին ներդրողները։ Սակայն ժամանակի ընթացքում պարտատոմսեր թողարկող ընկերությունները, այսինքն՝ ընկերությունները, որոնք միջոցներ են փնտրում ֆինանսական շուկաներում, իրենք սկսեցին վճարել վարկանշային գործակալությունների ծառայությունների դիմաց։

Այսպիսի պայմաններում անխուսափելի է շահերի բախումը։ Նման բախումն ակնհայտ էր ԱՄՆ-ում 2007թ.՝ ճգնաժամի նախնական փուլում, երբ շարունակվում էր հիփոթեքային փոխառությունների տրամադրումն անգամ վարկային վատ պատմությամբ հաճախորդներին։ Բանկերի կողմից վճարվող գործակալությունները գերազանց գնահատականներ էին շնորհում այդ իսկ բանկերի կողմից երաշխավորվող հիփոթեքային վարկերին։ «Քանի որ գործակալությունների միջև մրցակցությունը բարձր էր, իսկ շահույթը՝ բավական մեծ, շատ ավելի թույլ էր գնահատականների սահմանման նկատմամբ մոտեցումը»,– գրում է տնտեսագետ Սուզանե Շմիդտը իր «Առանց բարոյականության շուկա» գրքում։

Եվրոպան և գործակալությունները

Վարկանշային գործակալությունների հեղինակությունը, սակայն, լրջորեն վտանգեց Եվրոպայի պարտքային ճգնաժամը։ 2009թ. վերջին Fitch-ը Հունաստանին զրկեց վարկունակության բարձրագույն՝ A վարկանիշից, ինչը հանգեցրեց հունական վարկանիշի մի շարք իջեցումների։

«Վարկանշային գործակալությունները միայն բորբոքում են բռնկված հրդեհը»,– նշում է Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Ռուդոլֆ Հիկելը։ «Սկզբում նրանք փոխում են վարկանիշի կանխատեսումը բացասականի՝ պայմանավորելով դա անկայուն ֆինանսական իրադրությամբ։ Սա իր հերթին ֆինանսական շուկաներում խուճապ է առաջացնում։ Պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրանում է, որից հետո գործակալությունները բոլոր իրավունքներն ունեն՝ արդեն վարկային վարկանիշն իջեցնելու համար։ Տոկոսադրույքները դառնում են անհաղթահարելի, փակ շրջան է ձևավորվում»,– հավելում է Հիկելը։

Երբ 2012թ. հունվարին S&P-ն իջեցրեց եվրոգոտու մի շարք երկրների վարկանիշները, գերմանական ֆինանսական շրջանակներն այս գործակալությանը սկսեցին մեղադրել Ուոլ սթրիթի ֆինանսական գործիչների հետ համագործակցության մեջ։ «Մեծ եռյակին պետք է եվրոպական մրցակից ստեղծել, որն ի վիճակի կլինի ամերիկացիներին հակահարված տալ»,– նշում էին տնտեսագետները՝ միաժամանակ մտավախություն հայտնելով, որ նոր գործակալությանը բավական բարդ կլինի շահել ներդրողների վստահությունը։

Նոր գործակալության հեռանկարները

Գերմանական Բունդեսբանկի նախկին նախագահ Աքսել Վեբերը ևս հոռետեսորեն է նայում եվրոպական գործակալության հեռանկարին։ Վեբերի կարծիքով՝ այն կստանձնի միայն գուժկանի դեր։ «Եվրոգոտու ճգնաժամի պատճառն այդ լուրերը չէին, այլ քաղաքական գործիչները, որոնք չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները»,– ասել է Վեբերը։

Նշենք, որ եվրոպական անկախ գործակալության ստեղծման մի շարք նախագծերից ամենահեռանկարայինը գերմանական Roland Berger ընկերության կողմից ստեղծվող հիմնադրամն է։ Այն, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել առաջիկա ամիսներին, իսկ առաջին վարկանիշները կհրապարակի 2013թ. սկզբին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում