Բեռնանկեն գտել է աճի բանալին
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն հայտարարել է, թե բնակարանային շուկայում գների նվազումը հանգեցրել է ամերիկացիների գնողունակության անկմանը, ինչը, իր հերթին, սահմանափակել է ԴՊՀ-ի՝ տնտեսության վերականգնմանն ուղղած միջոցառումների դրական ազդեցությունը, հաղորդում է Bloomberg-ը։
Բեռնանկեն, ելույթ ունենալով բնակարանաշինության հարցերով համաժողովում, կոչ է արել բնակարանային շուկայի աջակցությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել։ «Մենք պետք է շարունակենք միջոցառումների մշակումն ու իրագործումը, որոնք ոտքի կկանգնեցնեն բնակարանային շուկան»,– ասել է Բեռնանկեն։ Նա ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման տեմպերը հերթական անգամ «հուսահատության աստիճանի դանդաղ» է բնորոշել։
ԴՊՀ ղեկավարը իրադրության վատթարացման մեղավոր է համարել նաև վարկային կազմակերպություններին, քանի որ ճգնաժամը, ըստ նրա, վարկավորման առավել խիստ պայմաններ է պահանջել, մինչդեռ ֆինանսական ընկերություններն իրենց գործողություններում «չափերն անցել են»։ «Կասկած չկա, որ պայմանների խստացումը անհրաժեշտություն էր։
Սակայն այս անգամ նժարը, ամենայն հավանականությամբ, չափից ավելի է թեքվել դեպի խստացում։ Պայմանները դեռ շարունակում են շատ խիստ մնալ, ինչն անբարենպաստ ազդեցություն է թողնում ֆինանսական համակարգի, շինոլորտի և տնտեսության վրա ամբողջությամբ»,– հայտարարել է Բեռնանկեն։
ԱՄՆ-ի Ռիելթորների ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2011թ. դեկտեմբերին բնակարանային շուկայում վաճառքները տարեկան կտրվածքով աճել են մինչև 4,61 մլն բնակարան՝ 2010թ. հուլիսի 3,3 մլն-ի համեմատ, որը ԱՄՆ-ի բնակարանային շուկայի պատմության մեջ վատթարագույն ամիսն է եղել։
Civilnet










