Vodafone-ը միավորում է հեռահաղորդակցային շուկան
Հեռահաղորդակցային գլոբալ շուկայի կոնսոլիդացիան նոր թափ է հավաքում։ Երեկ հայտնի է դարձել, որ բջջային կապի բրիտանական Vodafone օպերատորը մտադիր է կլանել գլոբալ հեռահաղորդակցային շուկայի ամենահին ընկերությունը՝ 150-ամյա բրիտանական Cable & Wireless Worldwide-ը։ Ֆրանսիական France Telecom-ը, իր հերթին, ձեռք է բերել եգիպտական Mobinil-ի բաժնետոմսերի 20%-ը։
Ըստ Բրիտանական Sky News հեռուստաալիքի՝ Cable & Wireless Worldwide-ի կլանումը կարող է 700 մլն ֆունտ ստեռլինգ ($1,1 մլրդ) արժենալ։ Vodafone-ը մինչև 2012թ. մարտի 12-ը պետք է ներկայացնի իր առաջարկի պայմանները, հակառակ դեպքում ընկերությունն առաջիկա կես տարում չի կարողանա գնման հայտ ներկայացնել։ Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այս լուրերի ֆոնին՝ երեկ Cable & Wireless Worldwide-ի բաժնետոմսերն արժևորվել են 28%-ով։ Vodafone-ի արժեթղթերը թանկացել են 0,6%-ով։
Նշենք, որ Cable & Wireless Worldwide-ը հիմնվել է Մեծ Բրիտանիայում 1860թ. որպես հեռագրային ընկերություն։ Ներկայում այն մասնագիտացած է հեռահաղորդակցային շուկայում խոշոր կորպորացիաներին և կառավարական կառույցներին ծառայությունների տրամադրման մեջ։ Ընկերությունն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. վերջին մեկ տարում նրա բաժնետոմսերն արժեզրկվել են մոտ 74%-ով։
Vodafone-ը հասույթի ցուցանիշով համաշխարհային խոշորագույն բջջային օպերատորն է։ Այն աշխարհի ավելի քան 25 երկրում սպասարկում է մոտ 260 մլն բաժանորդի։ Vodafone-ի ակտիվների մեծ մասը կենտրոնացած է Եվրոպայում։ Ընկերության կենտրոնակայանը Մեծ Բրիտանիայում է։
Ի դեպ՝ երեկ հեռահաղորդակցային շուկայում ևս մեկ գործարք է գրանցվել։ Ֆրանսիական France Telecom-ը համաձայնել է եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսից գնել Mobinil բջջային օպերատորի բաժնետոմսերի 20%-ը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ Mobinil-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց France Telecom-ը կվճարի $33,54։
Civilnet











