Աթենքը միայն ժամանակ է ձգում, ինչպես և Բրյուսելը
Այսօր Բրյուսելում նախատեսված է եվրոգոտու ֆինանսների նախարարների հերթական հանդիպումը, որի օրակարգում կրկին հունական պարտքային խնդիրն է։ Եվրախումբը գրավոր երաշխիքներ կպահանջի, որ պաշտոնական Աթենքը պատրաստ է կյանքի կոչել օրերս հաստատված խնայողության ծրագիրը՝ ապրիլի խորհրդարանական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում։
Բրյուսելում մտավախություններ ունեն, թե ընտրություններում արմատականների հաղթանակը կտապալի բարեփոխումների ծրագիրը։ Հույն պաշտոնյաները պետք է բացատրեն նաև, թե ինչպիսի հնարավորություններ են տեսնում ծախսերը ևս €325 մլրդ-ով կրճատելու համար, գրում են հունական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Հունաստանի խնայողության նոր ծրագիրը նախատեսում է պետական հատվածում 15 հազ. աշխատատեղի կրճատում, աշխատանքային օրենսդրության ազատականացում, նվազագույն աշխատավարձի շեմի իջեցում մինչև €600՝ ներկայիս €751-ի փոխարեն, և պարտքի դուրսգրման շուրջ նոր բանակցություններ մասնավոր ներդրողների հետ։
Երկու ճշմարտության արանքում
Հունական դրամայի ավարտը կարող է վրա հասնել ցանկացած պահի, կարծում են փորձագետները։ Այս պատմությունում երկու ճշմարտություն կա. Եվրամիությունն ու հովանավոր երկրները, իհարկե, ճիշտ են, որ Հունաստանն ինքն է մեղավոր պարտքային իր խնդիրների համար։ Հույները, իրենց հերթին, ճիշտ են, որ եվրոպական դեղատոմսերով իրենք հազիվ թե հաղթահարեն ճգնաժամը։
Հույներին և ԵՄ առաջնորդներին կհաջողվի ծրագրեր համաձայնեցնել, բայց ոչ կյանքի կոչել, երկու կողմի մոտ էլ մեծ չէ բանակցությունները շարունակելու ցանկությունը։ Աթենքում, ինչպես և Բրյուսելում, վստահ են, որ իրենցից շատ բան են պահանջում։
Այս պայմաններում մեծ է Հունաստանի դեֆոլտի և եվրոգոտին լքելու հավանականությունը։ Բրյուսելն էլ չի ուզում հովանավորել Աթենքին, թեև չգիտի էլ ինչպես կյանքի կոչել հույներին «ֆինանսական պարկեշտ այս հասարակությունից» դուրս հրավիրելու գործողությունը, այնպես, որ այն անցավ անցնի բանկերի ու շուկաների համար։
Աթենքը կորցնում է իր գլխավոր խաղաքարտը
Հույները կարող են կորցնել բանակցություններում իրենց գլխավոր խաղաքարտը. Աթենքի համար ավելի ու ավելի բարդ է դառնում ԵՄ-ին շանտաժի ենթարկելը, թե երկրի դեֆոլտն ու եվրոգոտին լքելը կփլուզի եվրոպական ֆինանսական համակարգը, գրում է ամերիկյան The New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ եվրոպացիները ցանկանում են միայն ժամանակ շահել. մինչև ճգնաժամի հաջորդ սրացումը եվրոպական բանկերը կհասցնեն ավելացնել կապիտալը և պատրաստ կլինեն դուրս գրել հունական պարտքի մի մասը։ Միաժամանակ, ամռանը կգործարկվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը, հնարավոր է՝ ԱՄՀ-ն ևս գումարներ գտնի հիմնադրամի ծավալների մեծացման համար։ Դա կօգնի մեղմել Հունաստանի հերթական ճգնաժամի բացասական ազդեցությունն ու ինչ-որ առումով պաշտպանիչ պատ կստեղծի եվրոգոտու ու Հունաստանի միջև։
Ամեն դեպքում՝ Հունաստանին դժվար թե հաջողվի մնալ եվրոգոտում, անգամ եթե կառավարությունը տնտեսական ավելի արմատական բարեփոխումների դիմի. դրանց արդյունավետությունը նկատելի կլինի միայն երկարաժամկետ հեռանկարում։ Շատ ավելի բարդ կլինի ռեցեսիայի արագ հաղթահարումը։
Դրահման եվրոյին այլընտրանք չէ
Տնտեսագետ Գևին Դեվիսը բրիտանական The Financial Times-ում գրում է՝ չնայած քննադատություններին՝ Հունաստանին 2009-ից ի վեր հաջողվել է բյուջեի դեֆիցիտը կրճատել 8%-ով։ Սակայն առաջիկա տարիներին առանց լրացուցիչ դուրսգրումների չի հաջողվի պետպարտքը 2020թ.իջեցնել մինչև ՀՆԱ-ի 120% մակարդակ։ Բյուջեի դեֆիցիտը չի անհետանա անգամ եվրոյից հրաժարվելու դեպքում։ Դրահման արագորեն կարժեզրկվի, իսկ գնաճը կկրճատի իրական աշխատավարձերի ծավալը։ Ամեն դեպքում՝ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճը կվերականգնվի, իսկ եվրոգոտին լքելը զոհեր կպահանջի միայն միջնաժամկետ հեռանկարում։
Դեվիսը կոչ է անում եվրոպական խնդրահարույց մյուս պետություններին՝ Իտալիային, Իսպանիային, Պոտուգալիային ևս, կուրորեն տեղի չտալ ծախքերը կրճատելու Գերմանիայի պահանջներին, հակառակ դեպքում մի քանի տարի անց նրանք կարող են հայտնվել հույների վիճակում։
Civilnet











