Սիրահարները պատրաստ են ծախսերն ավելացնել 8,5%-ով
Այս տարի Սուրբ Վալենտինի տոնի համար ամերիկացիները միջինը 8,5%-ով ավելի շատ գումար կծախսեն, քան 2011թ.։ Այս մասին են վկայում հունվարի 4-11-ը 9 հազ. սպառողների շրջանում ԱՄՆ-ի Ռիթեյլերների ազգային միության անցկացրած հարցման տվյալները։ Դրանց համաձայն՝ ամերիկացիների տոնական անհատական ծախսերը կկազմեն միջինը $126,03։
Ըստ նախնական հաշվարկների՝ Սբ Վալենտինի տոնին, որը Ծննդյան տոներից հետո երկրորդ ամենասիրված տոնն է ԱՄՆ-ում, սպառողական ծախսերը կարող են կազմել ընդհանուր առմամբ $17,6 մլրդ։ ԱՄՆ-ի Ռիթեյլերների ազգային միության նախագահ Մեթյու Շեյի կարծիքով՝ այս ցուցանիշը վկայում է, որ երկրի տնտեսությունը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում։
Ամերիկացի տղամարդկանց անհատական ծախսերը կկազմեն $168,74 և հիմնականում կլինեն հագուստի, ոսկերչական իրերի, շնորհավորական բացիկների համար։ Հատկանշական է, որ դրանք երկու անգամ գերազանցում են ամերիկացի կանանց նախապես ծրագրած անհատական ծախսերի միջին ցուցանիշը՝ $85,96։
Տոնի ընթացքում ամերիկացիները ծաղիկների վրա ընդհանուր առմամբ կծախսեն $1,8 մլրդ, քաղցրեղենի համար՝ $1,5 մլրդ, հագուստի վրա՝ $1,4 մլրդ, բացիկների համար՝ $1,1 մլրդ։
Ըստ նախնական հաշվարկների՝ երեխաների, ծնողների և ընտանիքի մյուս անդամների համար կատարված անհատական ծախսերը կկազմեն միջինը $25,25, ընկերների համար՝ միջինը $6,92, ընտանի կենդանիների համար՝ $4,52։ Գնումների 40-50%-ը կկատարվի առցանց։
Համանման մեկ այլ հարցում անցկացրել է ամերիկյան Visa Inc. ընկերությունը, որի տվյալների համաձայն՝ այս տարի Սբ Վալենտինի տոներին սպառողական ծախսերն անցած տարվա համեմատ 3%-ով քիչ կլինեն։ Ըստ Visa-ի՝ ամերիկացի սպառողների անհատական ծախսերն այս տարի կկազմեն միջինը $117՝ անցած տարվա $121-ի համեմատ։ Ցուցանիշի նվազման հիմնական պատճառը կանանց ծախսերի կրճատումն է, որն այս տարի կկազմի մինչև $87՝ անցած տարվա $101-ի համեմատ։
Civilnet











