Վարկանշային գործակալությունները չեն վստահում Եվրոպային
Երեկ Եվրոպայում վարկանշային համատարած իջեցումներ էին։ Միջազգային վարկանշային Moody's գործակալությունն իջեցրել է եվրոգոտու մի շարք երկրների սուվերեն վարկանիշները։ Մինչ այդ Standard&Poor's-ն (S&P) ու Fitch-ն էին նույն ուղղությամբ վերանայել եվրոպական բանկերի վարկանիշները, հաղորդում է Bloomberg-ը։
Moody's-ը ոչ միայն նվազեցրել է Իսպանիայի (A1 մակարդակից՝ A3), Իտալիայի (A2-ից՝ A3), Մալթայի (A2-ից՝ A3), Պորտուգալիայի (Ba2-ից՝ Ba3), Սլովենիայի (A2-ից՝ A3) և Սլովակիայի (A2-ից՝ A3) սուվերեն վարկանիշները, այլև վերանայել դրանց կանխատեսումը «բացասական»-ի։ Բացի այդ՝ գործակալությունը բացասական կանխատեսում է շնորհել Ֆրանսիայի և Ավստրիայի առավելագույն AAA վարկանիշներին, ինչպես նաև եվրոգոտու անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիային։ Այդուհանդերձ, Moody's-ը վերահաստատել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի նախնական վարկանիշի առավելագույն մակարդակը՝ «կայուն» կանխատեսմամբ։
Moody's-ն իր որոշումը պայմանավորել է «եվրոգոտու բյուջետային և տնտեսական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների անորոշ հեռանկարներով», ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման համար սահմանափակ ռեսուրսներով։ «Քաղաքական գործիչներն ու կարգավորիչները որոշակի առաջընթաց են արձանագրել, սակայն նրանք չեն արել անհրաժեշտ ամեն բան՝ համոզելու շուկային, որ ճիշտ ուղու վրա են»,– Bloomberg-ին ասել է Moody's-ի Եվրոպայի հարցերով վարկային փորձագետ Ալիստեր Ուիլսոնը։
Նշենք, որ Moody's-ին նախորդել էին վարկանշային եռյակի մյուս երկու անդամների՝ S&P-ի և Fitch-ի որոշումները։ Մասնավորապես՝ S&P-ն իջեցրել էր իսպանական 15 բանկերի, այդ թվում՝ երկրի խոշորագույն Banco Santander-ի վարկանիշը՝ նրանց բոլորին շնորհելով վարկանիշի «բացասական» կանխատեսում։ S&P-ի փորձագետները դեպի իջեցում էին վերանայել նաև եվրոպական այս երկրի BICRA (banking industry country risk assessment) ցուցանիշը, որն արտացոլում է այլ երկրների համեմատությամբ բանկային համակարգի ուժեղ և թույլ կողմերը։
Նշենք, որ երեկ իսպանական բանկերի վարկանիշները դեպի նվազում, կրկին «բացասական» կանխատեսմամբ, վերանայել է նաև Fitch Ratings-ը՝ իսպանական տնտեսության ընդհանուր վիճակի և բանկային ոլորտի սերտ կապվածությունը հաշվի առնելով։ Ամեն դեպքում՝ Fitch-ում ակնկալում են, որ Իսպանիայի իշխանությունները կշարունակեն աջակցել երկրի բանկային ոլորտի վերականգնմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2012թ. հունվարի 27-ին, Fitch-ը հայտարարել էր Եվրամիության միանգամից հինգ երկրի (Իտալիա, Իսպանիա, Սլովենիա, Բելգիա, Կիպրոս) սուվերեն վարկանիշների իջեցման մասին։
Civilnet











