Քաղաքական դիվիդենտներ՝ պետբյուջեի հաշվին
Եվրահանձնաժողովը Իսպանիայի նոր կառավարությանը կասկածում է բյուջեի դեֆիցիտի տվյալները կեղծելու մեջ։ Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարությունը, 2011թ. նոյեմբերին գալով իշխանության, մեծացրել է բյուջեի դեֆիցիտի կանխատեսումը մինչև 8%՝ դրա պատասխանատվությունը «գցելով» նախորդ կառավարության վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Եվրահանձնաժողովում վստահ են, որ իսպանացիները դիտավորյալ են ուռճացնում ցուցանիշը՝ հետագայում բյուջետային տվյալներն արհեստականորեն բարելավելու նպատակով։ Նշվում է, որ Տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենն այսուհետ Եվրամիության 27 անդամ պետությունների ֆինանսների նախարարներին իրավունք է վերապահելու պատժամիջոցներ սահմանել Մադրիդի նկատմամբ՝ 2011թ. բյուջետային դեֆիցիտի ծավալի ուռճացման, ինչպես նաև խնայողության խիստ միջոցառումները կիրառել հապաղելու համար։ Բյուջետային վերահսկողության եվրոպական նոր պայմանագրի համաձայն (պետք է ստորագրվի 2012թ. մարտին)՝ «օրինախախտ» պետությունները Եվրոպական դատարանի որոշմամբ կտուգանվեն երկրի ՀՆԱ-ի 0,1%-ի չափով։
Նշենք, որ Ռախոյի կառավարությունը պարտավորվել է ընթացիկ տարում բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 4,4%-ը, թեև փորձագետներն այս խնդիրը դժվար լուծելի են համարում. կառավարության կանխատեսումներն ու գնահատումները հիմնվել են ընթացիկ տարում ՀՆԱ-ի 2,3-տոկոսանոց աճ ցուցանիշի վրա։ Իսպանիայի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2012թ. երկրի տնտեսությունը կկրճատվի 1,5%-ով։
Ի դեպ՝ երեկ հրապարակվել են եվրոպական մի շարք երկրների 2011թ. 4-րդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները, որոնց համաձայն՝ նրանց մի մասը ռեցեսիայի փուլում է։ Հաշվետու ժամանակահատվածում Իտալիայի և Նիդեռլանդների տնտեսությունները կրճատվել են 0,7%-ով (ե/ե), ինչը նշանակում է, որ երկու այս տնտեսությունները կրկին ռեցեսիայի մեջ են։ Տեխնիկական ռեցեսիա է արձանագրվել նաև Չեխիայում, որտեղ ՀՆԱ-ն նվազել է 0,3%-ով (ե/ե)։
2011թ. 4-րդ եռամսյակում ՀՆԱ-ի բացասական դինամիկա է արձանագրել նաև ԵՄ խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան (-0,2%), սակայն նախորդ 3 եռամսյակների աճի շնորհիվ երկրի տնտեսությունը տարին փակել է 3-տոկոսանոց աճով։ 2011թ. 4-րդ եռամսյակում Ֆրանսիան դրական մակրոտնտեսական ցուցանիշներ է արձանագրել (+0,2%)։
Ավելի վաղ իր եռամսյակային ցուցանիշներն էր հրապարակել պարտքային ճգնաժամի էպիկենտրոնում գտնվող Հունաստանը. 2011թ. 4-րդ եռամսյակում երկրում արձանագրվել է 7%-ի անկում, տարեկան կտրվածքով անկումը կազմել է 6,8%:
Եվրոպայի տարածքում ՀՆԱ-ի բացասական դինամիկաները պայմանավորված են եվրոպական գրեթե բոլոր երկրների կողմից կիրառվող խիստ խնայողության միջոցառումներով, ինչը սպառողական ծախսերի և ներդրումների կրճատման պատճառ է դարձել։
Civilnet











