Ճգնաժամը Հռոմին ստիպել է փակել դռներն օլիմպիականների առջև
Իտալիայի կառավարությունը ֆինանսական ճգնաժամի պատճառով հրաժարվել է աջակցել 2020թ. ամառային օլիմպիական խաղերն ընդունելու Հռոմի հայտը, որը հետ է վերցվել Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ), հաղորդում է Reuters-ը։
«Տնտեսության ընթացիկ իրավիճակը թույլ չի տալիս կառավարությանն օլիմպիական խաղերի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ ստանձնել»,– հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին։
Իտալիան ևս անմասն չի մնացել եվրոգոտու պարտքային ճգնաժամից։ Արտաքին պարտքն այստեղ մոտ €1,9 տրլն է, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի մոտ 120%-ին։ Վերջին մի քանի ամսում միջազգային վարկանշային գործակալություններն Իտալիայի վարկային սուվերեն վարկանիշն իջեցրել են միանգամից մի քանի կետով։ Պետպարտքի և բյուջետային դեֆիցիտի կրճատման նպատակով պաշտոնական Հռոմը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք նախատեսում են ինչպես կենսաթոշակային տարիքի բարձրացում, այնպես էլ ավելացված արժեքի հարկի և գույքահարկի դրույքների ավելացում։
Հիշեցնենք, որ 2020թ. ամառային խաղերը հյուրընկալելու իրավունքի համար պայքարող քաղաքների ցուցակը ՄՕԿ-ը հաստատել էր 2011թ. սեպտեմբերին։ Հռոմից բացի՝ օլիմպիական հավակնություններ ունեցող քաղաքների թվում են Դոհան, Բաքուն, Տոկիոն, Ստամբուլը և Մադրիդը։ Օլիմպիական ամառային խաղերի մայրաքաղաքի անունը կհայտարարվի 2013թ. սեպտեմբերին՝ ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի ընթացքում։
Իտալիան նախկինում արդեն հյուրընկալել է օլիմպիականների։ Եվրոպական այս երկրում անցկացվել են մեկ ամառային (1960թ.՝ Հռոմ) և երկու ձմեռային օլիմպիական խաղեր (1956թ.՝ Կորտինա-դ'Ամպեցո, 2006թ.՝ Թուրին)։
Civilnet











