Թիմ Կուկը խոստացել է խելամտորեն ծախսել «ավելացած» $98 մլրդ-ը
Apple-ի տնօրենների խորհուրդը կքննարկի $98 մլրդ կանխիկ միջոցների ներդրման ռազմավարությունը և հարցը կլուծի խելամտորեն՝ չվտանգելով բաժնետերերի շահերը, Goldman Sachs-ում կայացած տեխնոլոգիական համաժողովի ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, հաղորդում է CNN-ը։
Ուոլ սթրիթի ներդրողներին մտահոգել է, թե ինչպես է Apple-ը ծախսելու ընկերությունում կուտակվող կանխիկ միջոցները, որոնց ծավալը գերազանցում է աշխարհի բազմաթիվ երկրների պետբյուջեները և Apple-ին մի շարքում դասում համաշխարհային խոշոր տնտեսությունների հետ։ Հիշեցնենք, որ $98 մլրդ կանխիկ միջոցների առկայության մասին Apple-ը հայտարարեց այս հունվարին, երբ հրապարակում էր ընկերության հերթական ֆինանսական հաշվետվությունը։
Կուկը ներդրողներին կոչ է արել չանհանգստանալ կանխիկ գումարների հետագա ճակատագրի համար։ «Մենք նպատակ չունենք պահել այս միջոցները։ Ես միայն մի փոքր համբերություն եմ խնդրում, քանի որ ցանկանում եմ հարցին լուրջ մոտենալ»,– ասել է նա՝ կատակելով, թե Apple-ը մտադիր չէ դրանք ծախսել դիմակահանդեսային երեկույթներ կազմակերպելու վրա։
Փորձագետներն այս միջոցների տնօրինման հնարավոր տարբերակ են համարում շուկայի թույլ խաղորդների կլանումը, բաժնետերերին շահաբաժինների վճարումը կամ բաժնետոմսերի մի մասի հետգնումը։
Նշենք, որ ֆինանսական վերջին հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 18%-ով, իսկ նախօրեին՝ հատել $500-ի սահմանը։ Այս երկուշաբթի NASDAQ-ի առևտրաշրջանի փակմանը ընկերության մեկ բաժնետոմսն արժեցել է $509,46։ Ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո դրանք արժեին $380։ $300-ի սահմանը ընկերության արժեթղթերը հատել էին 2010թ. հոկտեմբերին։ 2011թ. հուլիսին դրանք գնանշվում էին արդեն $400-ին մոտ մակարդակներում։
Apple-ի շուկայական կապիտալիզացիան ներկայում $465 մլրդ է, այս ցուցանիշով այն աշխարհի ամենաթանկ հանրային ընկերությունն է։ Երկրորդ տեղում ամերիկյան նավթային ExxonMobil-ն է՝ $398,6 մլրդ շուկայական կապիտալիզացիայով։
Civilnet











