Գլխավոր Լրահոս

Աթոռակռիվ Համաշխարհային բանկում

Աթոռակռիվ Համաշխարհային բանկում

Քլինթոնը Զելիկի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է

Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի պաշտոնի համար գլոբալ պայքարը նոր թափ է հավաքում, գրում է բրիտանական The Times-ը։ Նշենք, որ այն ընթացիկ տարվա հունիսին (երբ կլրանա լիազորությունների հնգամյա ժամկետը) լքելու մտադրության մասին նախօրեին հայտարարել էր ՀԲ ներկայիս նախագահ Ռոբերտ Զելիկը։

«ՀԲ նախագահի պաշտոնը Վաշինգտոնի համար միշտ էլ ամենացանկալիներից է եղել։ Լուրերը, թե ով է զբաղեցնելու այն, մինչ այսօր պտտվել են ամերիկացի այնպիսի ծանրակշիռ քաղաքական գործիչների շուրջ, ինչպիսիք ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է կամ Սպիտակ տան տնտեսական նախկին խորհրդական Լոուրենս Սամերսը»,– նշում է պարբերականը։

Թեև նախօրեին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հերքել է Հիլարի Քլինթոնի՝ ՀԲ նախագահի պաշտոնին հնարավոր նշանակման մասին լուրերը, դրանք, այդուհանդերձ չեն դադարում շրջանառվել։ Հիշեցնենք, որ Քլինթոնի հնարավոր նշանակման ու անմիջական հերքման այս հաջորդականությունը կրկնվել էր 2011թ. կեսերին։

Զելիկի ոդիսականը

ՀԲ տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Զելիկի ղեկավարության տարիներին կազմակերպությունը պատմական դեր է ունեցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործում։ Բացի դրանից՝ ՀԲ-ն այս ընթացքում ռեկորդային $247 մլրդ-ի աջակցություն է ցուցաբերել զարգացող երկրներին։ «ՀԲ-ն թողնում եմ հզոր, առողջ և պատրաստ նոր խնդիրների դիմակայմանը։ Ժամանակն է, որ ես այլ կազմակերպություն ղեկավարեմ»,– հայտարարել է Զելիկը։ Թե կոնկրետ ինչով է մտադիր զբաղվել Համաշխարհային բանկի 58-ամյա ղեկավարը, դեռ հայտնի չէ։

Նշենք, որ Ռոբերտ Զելիկը ՀԲ-ն նախագահում է 2007-ից։ Նրա տարեկան աշխատավարձը ավելի քան $450 հազ. է, Զելիկի համար նախատեսված է $285 հազ. կենսաթոշակ։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գեյթները դրական է գնահատել Զելիկի նախագահության տարիները ՀԲ-ի համար՝ հավելելով, որ այս պաշտոնի իր թեկնածուին ԱՄՆ-ը կներկայացնի առաջիկա շաբաթներին։

ՀԲ նախագահի պաշտոնը բաց է ցանկացած ազգության թեկնածուի համար, սակայն ըստ 1945թ. ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնության՝ ՀԲ-ն պետք է ղեկավարի ամերիկացի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ եվրոպացի գործիչ։ «Վերջին տարիներին ջենթլմենային այս համաձայնությունն ավելի հաճախ է զարգացող շուկաների քննադատությանն արժանանում, որոնք պահանջում են վերջ դնել ամերիկացիների գերիշխանությանն այս կազմակերպությունում»,– ամփոփում է The Times-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում