Գլխավոր Լրահոս

Մերկելը շեղվել է ճիշտ ուղուց

Մերկելը շեղվել է ճիշտ ուղուց

Սորոսը` եվրոգոտու ճգնաժամի մասին

«Ես հիանում եմ Մերկելով՝ որպես ուժեղ առաջնորդի, սակայն Եվրոպան նա սխալ ուղղությամբ է տանում»,– գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը։ Ըստ նրա՝ եվրոգոտու ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ կլինի երկփուլ լուծում։ «Սկզբում խիստ խնայողություն և կառուցվածքային բարեփոխումներ, այնուհետև՝ ֆինանսական ներհոսքեր, որոնք կվերականգնեն կոնյունկտուրան։ Եթե սահմանափակվենք միայն խնայողությամբ, այն եվրոպական շատ երկրներում ուղղակիորեն դեֆլյացիայի կհանգեցնի, ինչը վտանգավոր է»,– բացատրել է Սորոսը։

Իսպանիային, Իտալիային կամ Հունաստանին ներկայացվող խնայողության նորմատիվները Սորոսը «կախարդված շրջանի սկիզբ» է բնորոշել։ «Եթե երկիրը միայն խնայում է, ապա կտրուկ անկում է պահանջարկը, ինչը բերում է ընկերությունների շահույթի նվազման։ Հետևաբար՝ ընկերությունները կրճատում են աշխատավարձերը, գրպաններում առավել քիչ գումար է մնում, պահանջարկն էլի է նվազում ու, ի վերջո, կանգ է առնում տնտեսական աճը»,– մանրամասնել է հայտնի ֆինանսիստը։

Ի պատասխան դիտարկմանը, թե խնդրահարույց երկրների ֆինանսական աջակցության ծրագրերում առյուծի բաժինը Գերմանիային է պատկանում, և գերմանացիները դժգոհում են, թե ավելի ու ավելի շատ գումարներ են հատկացնում պետություններին, որոնք ակնհայտորեն չարաշահել են եվրոգոտու ֆինանսական կայունության չափանիշները, Սորոսը նշել է, թե եվրոգոտու յուրաքանչյուր պետություն ինչ-որ մի ժամանակ խախտել է կայունության դիրեկտիվները, և հենց սրանով է պայմանավորված, որ մինչև այժմ իրական պատժամիջոցներ գոյություն չեն ունեցել։

«Հունաստանը հատուկ դեպք է։ Հույները չափից ավելի են չարաշահել Եվրամիությանն իրենց անդամակցությունը։ Եվրոպական մյուս երկրներն ավելի ճիշտ գործելակերպ են ընտրել, օրինակ՝ Իսպանիան։ Այս երկիրն անգամ պետական ավելի քիչ պարտավորություններ և բանկային ավելի լավ կազմակերպված համակարգ ունի այսօր, քան Գերմանիան»,– ասել է Սորոսը։ Ըստ նրա՝ միասնական Եվրոպան հարկադրված կլինի ավելի շատ ներդրումներ կատարել Հունաստանում՝ դեֆոլտը կանխելու համար, ընդ որում՝ այս գումարները Եվրոպան պարզապես ստիպված է հատկացնել, քանի որ պատրաստ չէ դեֆոլտի։

Ֆինանսիստը կողմ է համաեվրոպական պետական՝ եվրոպարտատոմսերի թողարկմանը, ինչը կայունության լրացուցիչ երաշխիքներ կստեղծի, թեև դրանց թողարկումը եվրոպական հարկաբյուջետային նոր պակտ կպահանջի։

Սորոսը համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրող իրադրությունը համեմատել է ճանապարհից շեղված ավտոմեքենայի հետ։ «Սկզբում վարորդը ղեկը կթեքի այն ուղղությամբ, դեպի ուր ընթանում է մեքենան, և միայն վերահսկողությունը վերականգնելուց հետո կկարողանա շտկել ուղղությունը։ 25 տարի շարունակ տնտեսությունը գրեթե անընդմեջ աճել է։ 2008թ. կտրուկ անկումը և ֆինանսական շուկաների փլուզումը հնարավոր եղավ հաղթահարել միայն պետական միջամտության շնորհիվ։ Այս ճգնաժամը դեռ չի ավարտվել, մենք պետք է շարունակենք ծախսել պետական փողերը՝ տատանումները դադարեցնելու համար։ Միայն այս ամենից հետո հնարավոր կլինի փոխել ուղղությունը»,– ասել է Սորոսը։

Նա, ի տարբերություն շատ ամերիկացիների, կարծում է, որ ԱՄՆ-ը չպետք է Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով եվրոյի փրկության ծախսերում մեծացնի իր մասնաբաժինը։ «Ճգնաժամի պատճառը Եվրոպայի, հատկապես Գերմանիայի քաղաքականության սխալներն էին։ Եվրոպան պետք է կարողանա իր սխալները սեփական ուժերով ուղղել»,– ասել է Սորոսը։

Ինչ վերաբերում է «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումին, ֆինանսիստը նշել է, թե հասկանում է շարժման մասնակիցների զայրույթը, ու թեև կողմ է մեծահարուստների համար հարկադրույքների բարձրացմանը, ինքը բավական քիչ հարկեր է վճարում, քանի որ եկամուտների առնվազն 50%-ը ներդնում է հարկերից ազատված իր հիմնադրամում։

Ի տարբերություն ԱՄՆ-ի նախագահական նախորդ ընտրարշավի՝ այս անգամ Սորոսը մտադիր չէ միլիոնավոր դոլարներ տրամադրել ի պաշտպանություն Բարաք Օբամայի թեկնածության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում