Occupy շարժումն ամենանորարարական բիզնեսների շարքում է
Ամերիկյան Fast Company ամսագիրը կազմել է 2012թ. աշխարհի ամենաինովացիոն 50 ընկերությունների վարկանիշը (50 Most Innovative Companies 2012): Ցուցակում ընդգրկվել է նաև անցած տարի ամբողջ աշխարհը «գրաված» Occupy շարժումը։
Ամենանորարարական ընկերությունների վարկանիշն այս տարի կրկին գլխավորել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը։ Եթե անցած տարի Apple-ն առաջին հորիզոնականում էր «իր բիզնեսն ավելի քան հարյուր ուղղություններով զարգացնելու համար», ապա այս տարի, ըստ Fast Company-ի, նրա «խոսքը գործ է դարձել»։
Ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Facebook սոցցանցը (անցած տարվա համեմատ՝ +1 հորիզոնական), երրորդում՝ Google որոնողական հսկան (+3), չորրորդում՝ Amazon օնլայն առևտրային հարթակը (+23), հինգերորդում՝ Square վճարային համակարգը (նոր է ցուցակում)։
Ամենահետաքրքրականը, սակայն լավագույն տասնյակում հայտնված և յոթերորդ տեղը զբաղեցրած Occupy շարժումն է՝ «Fast Company-ի կողմից գովերգվող բոլոր չափանիշները մարմնավորելու համար»։ Թեև դժվար է «Մենք 99% ենք» պաստառներով և Գայ Ֆոքսի դիմակներով ցուցարարներին բիզնես կազմակերպություն անվանելը, հրատարակությունը կարծես թե չի կատակում։ Հատկանշական է, որ անցած տարի ամերիկյան Time ամսագիրը տարվա մարդ էր ճանաչել հենց «ցուցարարի» կերպարը՝ 2011թ. ամբողջ աշխարհում լայն տարածում գտած բողոքի ակցիաների ֆոնին։
Հետաքրքիր փաստեր ամենաինովացիոն ընկերությունների թոփ-50-ից
-«Երաժշտություն» անվանակարգի առաջին երեք հորիզոնականում eSoundCloud, Spotify և Pandora ծառայություններն են, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ինտեգրված են սոցցանցերին։ Իսկ չորրորդ տեղում, ահա, անսպասելիորեն հայտնվել է իռլանդացի երգչուհի Bjork-ը, որը վարկանիշում ընդգրկվել է iPad-ի հավելվածի տեսքով՝ Biophilia ալբոմի թողարկման համար։
-Intel-ը «Սոցմեդիա» անվանակարգի առաջատարն է՝ 2011թ. հունիսին «սոցիալական կինո» ձևաչափի գործարկման համար։
-«Մեդիա» անվանակարգը հաջորդաբար գլխավորում են Twitter-ը, Tumblr-ը և Reddit-ը, որոնք դուրս են մղել զանգվածային ավանդական լրատվամիջոցներին։ Տպագիր մամուլից լավագույն դիրքերում է New York Times-ը, որը «կարողանում է համադրել հին և նոր ձևաչափերը»։
Նշենք, որ Fast Company ամսագրի առաջին համարը թողարկվել է 1995թ. նոյեմբերին: Ամսագիրը հիմնադրել են Harvard Business Review-ի նախկին երկու խմբագիրները: Աշխարհի ամենաինովացիոն ընկերությունների թոփ-50-ը Fast Company-ի ամենամյա վարկանիշն է, որն արձանագրում է միջազգային տարբեր ընկերությունների նորարարական հաջողությունները։
Ի դեպ՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը հաջողված է բնութագրել՝ ընդգծելով շարժման կազմակերպիչների առաջադրած նպատակների կարևորությունը։ «Շարժումը բավական հաջողակ էր՝ չնայած միասնական ղեկավարության, համակարգվածության և առաջադրվող խնդիրների միասնական ցանկի բացակայությանը»,– ամերիկյան Ատլանտայում նախօրեին հայտարարում էր Քարտերը։
Civilnet











