New Yorker-ը Վլադիմիր Պուտինին Համաշխարհային բանկի նախագահի հավանական թեկնածու է գրանցել
Ամերիկյան New Yorker ամսագիրը կազմել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների ցուցակը, որը գլխավորում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները։ Պարբերականը նրա շանսերը գնահատում է 7:4 հարաբերակցությամբ։ New Yorker-ը ՀԲ նախագահի պաշտոնի համար մրցապայքարում ներառել է նաև Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին՝ նրա շանսերը գնահատելով ամենափոքրը։
New Yorker-ը ՀԲ նախագահի պաշտոնին հավակնող անձանց լավագույն եռյակում ընդգրկել է Բարաք Օբամայի վարչակազմից ևս երկու գործչի՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և ԱՄՆ-ի նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Լոուրենս (Լարի) Սամերսին։ Նրանց՝ ՀԲ նախագահ դառնալու շանսերն ամսագիրը գնահատել է համապատասխանաբար 3:1 և 10:1։
Ցուցակում տեղ են գտել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և ամերիկյան Citigroup-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ռոբերտ Ռուբինի անունները։
Հատկանշական է, որ ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի անունը։ Նրա շանսերը, սակայն, ամենափոքրն են՝ 500:1 հարաբերակցությամբ։ Ըստ New Yorker-ի՝ Պուտինի համար ՀԲ նախագահի պաշտոնը կլիներ «պատվավոր պաշտոնաթողություն»։
Այս մրցապայքարում հաղթելու համար Ռուսաստանի վարչապետի առավելությունների թվում նշվում է ոչ միայն պետական-կապիտալիստական մոդելի հետ աշխատելու նրա ունակությունը, այլև որպես անվտանգության նախկին աշխատակից՝ անարդյունավետ բյուրոկրատիայի դեմ պայքարելու կարողությունը։
ՀԲ նախագահ դառնալու փոքր շանսեր ունեն նաև Բրազիլիայի նախկին նախագահ Լուիսա Ինասիու Լուլա դա Սիլվան, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը։ Հետաքրքիր է, որ New Yorker-ը ՀԲ նախագահի թեկնածուների թվում նշում է նաև իռլանդական U2 խմբի վոկալիստ Բոնոյի անունը։
Ի դեպ՝ ՀԲ նախագահի պաշտոնի թեկնածուների հայտերի ներկայացման գործընթացն արդեն սկսվել է, այն ավարտվում է մարտին 23-ին։
Հիշեցնենք, որ ՀԲ նախագահի պաշտոնն ընթացիկ տարվա հունիսին (երբ կլրանա լիազորությունների հնգամյա ժամկետը) լքելու մտադրության մասին օրերս հայտարարեց ՀԲ ներկայիս նախագահ Ռոբերտ Զելիկը։ Թեև այս պաշտոնը բաց է ցանկացած ազգության թեկնածուի համար, սակայն ըստ 1945թ. ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնության՝ ՀԲ-ն ղեկավարում է ամերիկացի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ եվրոպացի գործիչ։
Civilnet











