Մերդոկը The Sun-ում նոր «սկանդալ» է թողարկում
Բրիտանական հայտնի The Sun օրաթերթն այսուհետ կունենա կիրակնօրյա հավելված՝ The Sun on Sunday-ը, ասված է մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի News Corporation-ին պատկանող News International ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում։ The Sun on Sunday-ի առաջին համարը լույս է տեսնելու արդեն այս կիրակի՝ փետրվարի 26-ին։
News Corporation-ում նշում են, որ կիրակնօրյա նոր հավելվածը նախատեսված է ոչ թե քաղաքական գործիչների կամ գիտնականների, այլ առաջին հերթին հասարակ ընթերցողների համար։ The Sun-ի երեկվա թողարկումը հետևյալ վերտառությամբ էր. «Սա եղանակի տեսություն չէ. Sun-ը (անգլերենից թարգամանաբար՝ արև- խմբ.) դուրս կգա կիրակի»։ Ի դեպ՝ Մերդոկն այս օրերին Լոնդոնում է՝ նոր հրատարակության շնորհանդեսին ներկա գտնվելու նպատակով։
Նշենք, որ The Sun on Sunday-ը թողարկվում է News International-ի բրիտանական կիրակնօրյա մեկ այլ նախագծի՝ սկանդալային News of the World-ի փոխարեն, որը փակվեց անցած տարի։ Հիշեցնենք՝ տաբլոիդի աշխատակիցները մեղադրվում էին բրիտանացի քաղաքական ու հասարակական մի շարք հայտնի գործիչների հեռախոսազրույցներն անօրինական կերպով գաղտնալսելու մեջ։
Այս մեդիասկանդալի պատճառով հրաժարական տվեց անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հասարակայնության հետ կապերի հարցերով խորհրդական Էնդի Կոուլսոնը, որը մինչ այդ News of the World-ի գլխավոր խմբագիրն էր։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվեցին, այնուհետ ազատ արձակվեցին պարբերականի մի շարք լրագրողներ և մենեջերներ։
«News Corporation-ը մշտապես հայտարարել է անցյալի թերացումները շտկելու ձգտման մասին։ Մենք արմատապես փոխում ենք բիզնեսի կազմակերպման սկզբունքները»,– հայտարարել է News International-ի գործադիր տնօրեն Թոմ Մոկբրիջը։ Մոկբրիջի խոսքով՝ նոր հրատարակությունում կատարվող ներդրումները News Corporation-ի աջակցության լավագույն ցուցիչն են։
Civilnet











