Գլխավոր Լրահոս

Հունական մարաթոնն ավարտված է

Հունական մարաթոնն ավարտված է

Եվրոպան կրկին ներեց Աթենքին

Բրյուսելում նախօրեի ուշ երեկոյան՝ 13 ժամ տևած բանակցություններից հետո, եվրոգոտու ֆինանսների նախարարները հաստատեցին Հունաստանի օգնության երկրորդ՝ €130 մլրդ-անոց փաթեթի տրամադրման ծրագիրը։

Նոր համաձայնագրում վերանայվել են նախորդ պայմանավորվածության որոշ կարևոր կետեր. 2020թ. երկրի պետպարտքի նպատակային ցուցանիշը ՀՆԱ-ի 129%-ից նվազեցվել է մինչև 120,5%՝ նախորդ 120%-ի փոխարեն, մասնավոր ներդրողները համաձայնել են ինքնակամ դուրս գրել հունական պարտատոմսերի անվանական արժեքի ոչ թե 50%, այլ 53,5%-ը։ Բացի այդ՝ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) եվրոգոտու կառավարությունների միջոցով Հունաստանին է վերադարձնելու €45-50 մլրդ-ի հունական պարտատոմսերի եկամուտը։

Պաշտոնական Աթենքը, իր հերթին, պարտավորվել է մինչև փետրվարի վերջ մի շարք օրենքներ ընդունել ու փոխել սահմանադրական որոշ դրույթներ, որոնք կերաշխավորեն բարեփոխումներն ու պարտքային վճարումները։ Պարտավորությունների կատարումն Աթենքում անմիջականորեն կվերահսկեն եվրոգոտու պաշտոնական ներկայացուցիչները։

Կստեղծվի հատուկ հաշիվ, որի մնացորդը Հունաստանը պահելու է պետպարտքի առնվազն եռամսյա վճարումների ծավալին համարժեք մակարդակում։ Եթե երկրի խորհրդարանը հաստատի սահմանադրական փոփոխությունները, որոնք պարտքային վճարումները գերակա կհռչակեն, այսպիսի հաշվի անհրաժեշտությունը կվերանա։

«Օգնության առաջին տրանշը €13 մլրդ է, վարկն ամբողջությամբ Հունաստանը կստանա մինչև 2014թ.»,– հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերը։ Հատկանշական է, որ հանդիպման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո եվրոն արժևորվել է 0,7%-ով՝ մինչև $1,328։

Մասնավոր ներդրողների համար (PSI) հունական պարտքի փոխանակման ծրագիրը մեկնարկում է այսօր՝ փետրվարի 22-ին։ «Ծրագիրը մասամբ կիրագործվի մինչև մարտի երկրորդ շաբաթը և ամբողջությամբ՝ մինչև ապրիլ»,– հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենեզիլոսը՝ հավելելով, որ Հունաստանի կառավարությունն այսօր խորհրդարան կմտցնի PSI ծրագրի փոփոխությունների մասին օրինագիծը։

Վերջինիս հաստատման դեպքում՝ խորհրդարանը կհաստատի Հունաստանի պարտատոմսերի նկատմամբ կոլեկտիվ գործողությունների մասին դրույթը (collective action clause)։ Գործնականում օրինագիծը հունական պարտատոմսերի կամավոր փոխանակումը կփոխարինի պարտադիր փոխանակմամբ։

Նշենք, որ ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը Հունաստանին անհրաժեշտ է դեֆոլտից խուսափելու համար. մարտի 20-ին լրանում է €14,5 մլրդ-ի պարտատոմսերի մարման ժամկետը։

Հիշեցնենք, որ նախքան երկրորդ փաթեթի հաստատումը միջազգային վարկատուները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, ԵԿԲ-ն և Եվրահանձնաժողովը, Աթենքից գրավոր երաշխիքներ էին պահանջել, որ Հունաստանը պատրաստ է կյանքի կոչել բյուջետային խնայողության ծրագիրը։ Այն նախատեսում էր պետական հատվածում 15 հազ. աշխատատեղի կրճատում, աշխատանքային օրենսդրության ազատականացում, նվազագույն աշխատավարձի շեմի իջեցում մինչև €600՝ ներկայիս €751-ի փոխարեն, և մի շարք այլ միջոցառումներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում