Արևմտյան բորսաներում առևտրաշրջանառությունն անկում է ապրում
Ընթացիկ տարվա փետրվարին զգալիորեն կրճատվել են առևտրաշրջանառության ծավալներն ամերիկյան բորսաներում։ 2012թ. առաջին ամիսներին ԱՄՆ-ի առևտրային բոլոր հարթակներում գնված և վաճառված բաժնետոմսերի կոնսոլիդացված ծավալը կազմել է 6,5 տրլն միավոր, ինչն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ քիչ է 16,7%-ով (7,8 տրլն)։ Ավելին՝ փետրվարի 6-ին նոր հակառեկորդ է սահմանվել. արձանագրվել է վերջին տասն ամիսների վաճառքների նվազագույն ցուցանիշը (5,9 տրլն բաժնետոմս), եթե հաշվի չառնենք ամանորյա տոներին նախորդած երեք օրերը։
Ընդ որում՝ իրավիճակը տրամաբանորեն հակառակն է Euronext-ում։ Եթե 2011թ. առաջին մեկուկես ամսում համաեվրոպական էլեկտրոնային այս հարթակում առևտրի օրական միջին ծավալը 560,5 մլրդ միավոր էր, ապա այսօր այն արդեն 631 մլրդ բաժնետոմս է (աճը՝ 12,5%)։
Ի դեպ՝ ամերիկյան բորսաներում առևտրաշրջանառության ծավալների նվազման միտումը նոր չէ։ «Ծավալների անկում տեղի է ունենում զարգացած բոլոր շուկաներում»,– ռուսական «Իզվեստիա»-ին ասել է «Կիտ ֆինանս» բրոքերային ընկերության վերլուծաբան Դմիտրի Շագարդինը՝ հավելելով, որ վերջին շրջանում ասիական որոշ շուկաներ (Malaysia Stock Exchange, MESDAQ, Hang Seng) աճի հաստատուն միտում են արձանագրում։ Հետևաբար՝ մեծանում է ներդրողների հետաքրքրությունը ֆոնդային այս շուկաների նկատմամբ, համապատասխանաբար՝ նաև բորսայական առևտրի ծավալները։
Ասիական առևտրային հարթակները իրականում լուրջ մրցակից են ավանդական արևմտյան բորսաներին։ 2011թ. Շենչժենի ֆոնդային բորսան (Չինաստան) աշխարհում ռեկորդ է սահմանել առաջնային հանրային տեղաբաշխումների թվով (144 IPO միայն առաջին կիսամյակում)։ Բացի դրանից՝ անշեղորեն աճում է գործարքների թիվն ասիական այլընտրանքային հարթակներում, շարունակվում է բորսայական առևտրի ապակենտրոնացման գործընթացը։ Վերջին տարիներին Չինաստանում, օրինակ, բացվել են մի շարք մասնավոր բորսաներ, որոնք շահավետ պայմաններ են առաջարկում մանր ներդրողներին։ Այլընտրանքային բորսաները նույնպես նպաստում են առևտրային մեծ հարթակների շրջանառության ծավալների անկմանը։
Փորձագետներից շատերի կարծիքով՝ Նյու Յորքի և Լոնդոնի ֆոնդային շուկաներում մնացել են հիմնականում սպեկուլյանտները։ Խոշոր հիմնադրամների մեծ գումարները շուկայում հայտնվեցին 2011թ. օգոստոսին, երբ իջեցվեց ԱՄՆ-ի վարկային վարկանիշի կանխատեսումը։ ««Խելացի» գումարներն իրականում գիտեին, որ որևէ ողբերգական բան չկա վարկանիշի իջեցման մեջ։ Ընդհակառակը՝ սա հարմար պահ էր պորտֆելներն էժան համալրելու համար»,– ասել է Շագարդինը։
Փորձագետները վստահ են, որ խոշոր հիմնադրամներն աջակցել են ամերիկյան ֆոնդային շուկաների խուճապին և մեծ գումարներ վաստակել այս ճանապարհով։ Այդ գումարները շուկաներից դուրս են բերվել, իսկ այսօր ակտիվ են միայն ոչ մեծ խաղորդները, ինչը ևս բորսայական առևտրաշրջանառության ծավալների կրճատման պատճառների թվում է։
Civilnet











