Շվեյցարիայում առգրավվել է $6 տրլն-ի կեղծ պարտատոմս
Իտալիայի դատախազությունը Շվեյցարիայում առգրավել է ամերիկյան $6 տրլն-ի կեղծ պարտատոմս և ձերբակալել ութ իտալացու, որոնք մեղադրվում են ֆինանսական այս և մի շարք այլ խարդախությունների մեջ, հաղորդում է Bloomberg-ը։
$1 տրլն անվանական արժեքով պարտատոմսերը հայտնաբերվել են Ցյուրիխի բանկերից մեկի պահատեղում՝ փայտե արկղերի մեջ, որոնցում եղել են նաև 1919թ. Վերսալի համաձայնագրի կեղծ կրկնօրինակներ։ Որպես պարտատոմսերի թողարկման ժամկետ նշված է 1934թ., փայտե արկղերի վրա մեծ տառերով դաջված է «Չիկագո» և «Դաշնային պահուստային համակարգ»։
Խարդախության բացահայտման գործում Իտալիայի և Շվեյցարիայի իշխանություններին աջակցել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը։ Ըստ ծառայության ներկայացուցիչ Էդվին Դոնովանի՝ ամերիկյան պարտատոմսերի կեղծման դեպքերը Իտալիայում նոր չեն։ Այս անգամ կասկածի տեղիք է տվել պարտատոմսերի աստղաբաշխական անվանական արժեքը։ Նրա խոսքով՝ անվանական մեծ արժեքով պարտատոմսերի կեղծումը լայն տարածում ունի Եվրոպայում։ Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ մարդիկ այստեղ համարյա տեղյակ չեն ամերիկյան գանձապետական պարտատոմսերի առանձնահատկություններին։
Նշենք, որ $6 տրլն-ը ԱՄՆ-ի պետպարտքի ավելի քան մեկ երրորդն է։ Հետաքննությունը, որը ստացել է «Գործողություն Vulcanico» անվանումը, սկսվել է այն բանից հետո, երբ զեղծարարները բարձր տոկոսադրույքներով վարկեր են ներգրավել։
Բրիտանական Financial Times-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածները Իտալիայի տարբեր շրջաններից են։ Ընդ որում՝ նրանցից մեկը՝ Ռոկո Մանցելան, Իտալիայի Մոնտեսկալոզո քաղաքի նախկին քաղաքապետն է։ Ըստ դատախազության տվյալների՝ հանցագործները մտադիր են եղել նաև պլուտոնիում գնել նիգերիացիներից, թեև գործարքն այդպես էլ չի կայացել։
Ամերիկացի թրեյդերները պարտատոմսերի կեղծման մասին այս լուրը, ընդհանուր առմամբ, ծիծաղով են ընդունել։ «Եթե առաջարկը մի փոքր համեստ լիներ, գանձապետական պարտատոմսերի շուկայում իրական մրցավազք կսկսվեր»,– կատակել են ամերիկյան Morgan Stanley Smith Barney-ի փորձագետները։
Civilnet











