Գլխավոր Լրահոս

Խնայելուց հոգնածները

Խնայելուց հոգնածները

Եվրոպան Բրյուսելից այլընտրանք է պահանջում

Եվրամիության 12 երկրների վարչապետները (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Ֆինլանդիա, Չեխիա, Լեհաստան, Սլովակիա, Լատվիա և Էստոնիա) Եվրախորհրդի մարտի 1-ի նիստին ընդառաջ բաց նամակ են ուղղել վերջինիս և Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպեյին ու Ժոզե Մանուել Բառոզուին՝ կոչ անելով բյուջետային խնայողությունից անցնել աճի խթանման քաղաքականության, հաղորդում է Reuters-ը։

ԵՄ կառավարությունների ղեկավարներն առաջարկել են ճգնաժամը հաղթահարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ առևտրի և ծառայությունների ոլորտների ակտիվ զարգացման հաշվին՝ նշելով, որ տարածաշրջանը վերջին երեք տարվա մեջ արդեն երկրորդ ռեցեսիան է վերապրում։ Եվրահանձնաժողովը վարչապետների այս նախաձեռնությանը սառնասրտորեն է արձագանքել՝ այն համարելով Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի՝ անձնական հեղինակությունը բարձրացնելու փորձ։

ԵՄ երկրներից շատերը հոգնել են խնայելուց և ցանկանում են հնարավորինս շուտ վերադառնալ աճի՝ տնտեսությունների դանդաղման և գործազրկության աճի ֆոնին։ «Մեզանից յուրաքանչյուրի ձեռնարկած միջոցառումները՝ ուղղված ազգային ֆինանսական համակարգերի կայունացմանը, կարևոր են։ Սակայն եկել է տնտեսություններն արդիականացնելու, մրցակցությունը բարձրացնելու և մակրոտնտեսական դիսբալանսները շտկելու ժամանակը»,– ասված է Վան Ռոմպեյին և Բառոզուին ուղղված նամակում։

Հատկանշական է, որ ԵՄ-ի ո՛չ առաջատար (Գերմանիա և Ֆրանսիա) և ո՛չ էլ արվարձանային տնտեսությունները (Պորտուգալիա և Հունաստան) չեն միացել այս նամակին։ Պաշտոնական Փարիզն ընդհանրապես որևէ կերպ չի արձագանքել պաշտոնական գրությանը, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն էլ պնդել է, թե Բեռլինն ընդհանուր առմամբ դեմ չէ նամակում շարադրված դրույթներին՝ նշելով, որ գերմանացիները պարտավոր չեն տեղյակ լինել, առավել ևս ստորագրել Բրյուսել ուղղվող բոլոր նամակները։

Հատկանշական է, որ ԵՄ երկրների խնայողության միջոցառումներն անօգուտ և ոչ կենսունակ է համարել նաև հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Կրուգմանը՝ անգամ Հունաստանը դեֆոլտից փրկելու €130 մլրդ-անոց վերջին փաթեթը։ «Խնդիրն ըստ էության նույնն է, ինչպես և նախորդ դեպքերում. խնայողության քաղաքականությունն այնպես է ճնշում տնտեսություններին, որ ոչնչացնում է հարկաբյուջետային բոլոր առավելությունները։

Նվազում են ոչ միայն եկամուտները, այլև ՀՆԱ-ն, ինչն ավելի է խորացնում ՀՆԱ/պետպարտք հարաբերակցությունը։ Այժմ մենք խնայողության ևս մեկ փուլ ենք սկսել և սպասում ենք, որ այն շատ մեծ վնաս չի հասցնի տնտեսական աճին։ Սա հույսի հաղթարշավ է փորձառության նկատմամբ»,– ամերիկյան The New York Times-ի իր հոդվածում մեկնաբանել է տնտեսագետը։

Կրուգմանը երկու ելք է նշել Հունաստանի համար՝ կա՛մ ԵՄ-ն անընդհատ կֆինանսավորի Աթենքին, կա՛մ վերջինս կլքի եվրոգոտին։ «Երկու տարբերակներն էլ ողբերգական են, ինչը նշանակում է, որ Եվրոպան դրանցից և ոչ մեկին չի գնա, մինչև չսպառի մյուս բոլոր հնարավորությունները»,– ամփոփել է Կրուգմանը։

Հիշեցնենք, որ եվրոգոտու ֆինանսների նախարարներն այս շաբաթ հաստատեցին Հունաստանի օգնության երկրորդ՝ €130  մլրդ-անոց փաթեթը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում