Sukhoi SuperJet 100-ի գինը վերանայվել է մոտ $4 մլն-ով
Ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռը 2012թ. արդեն $35,4 մլն կարժենա՝ նախկին $31,7 մլն-ի փոխարեն։ Այդուհանդերձ, այն 15%-ով էժան կմնա մրցակիցների արտադրանքից, «Ռիա նովոստի»-ին ասել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ավագ փոխնախագահ Իգոր Սիրցովը։
«Ներկայում ինքնաթիռի հիմնական տարբերակը $35,4 մլն արժե, ավելի երկար թռիչքների համար նախատեսված տարբերակը (LR)՝ $36,2 մլն (ըստ կատալոգային գների)։ Նախկինում դրանք համապատասխանաբար $31,7 մլն և $32,3 մլն արժեին»,– պարզաբանել է Սիրցովը։
«Գները բարձրացվել են՝ համաձայն ընկերության բիզնես ծրագրի, ընդ որում՝ մեր ինքնաթիռները պահպանել են 15%-ի գնային առավելությունը մրցակիցների կատալոգային գների նկատմամբ»,– ասել է Սիրցովը՝ հավելելով, որ ներկայում SSJ100-ը լավագույնն է իր դասի ինքնաթիռների մեջ, իսկ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի կատալոգային գները անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում անփոփոխ էին 2010-ից ի վեր։
Ըստ Սիրցովի՝ իր խնայողականությամբ SSJ100-ն արևմտյան ինքնաթիռներին գերազանցում է 8-10%-ով. այն բավական հարմար է վառելիքի ու գործառնական ծախսերի և համեմատաբար էժան՝ տեխնիկական սպասարկման տեսանկյուններից։ Բացի այդ՝ SSJ100-ը «մարդկային գործոնի» ազդեցությունից ամենապաշտպանված ինքնաթիռների թվում է։
Նշենք, որ SSJ100-ը մի շարք առումներով եզակի էր Ռուսաստանի համար։ Այն ռուսական քաղաքացիական ինքնաթիռաշինության ոչ միայն առաջին թվային, այլև առաջին միջազգային նախագիծն էր. ինքնաթիռի նախագծմանը մասնակցել է ավելի քան 60 ընկերություն մոտ 30 երկրից։ SSJ100-ը նախատեսված է 3 հազ. կմ թռիչքի և մոտ 100 ուղևորի տեղափոխման համար։ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունն այս օդանավի միջոցով մտադիր է մինչև 2025թ. գրավել քաղաքացիական ինքնաթիռաշինության համաշխարհային շուկայի 10%-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի հետ 2007թ. համաձայնագիր էր կնքել երկու SSJ100 ձեռքբերման շուրջ, որոնք պետք է մատակարարվեին 2009թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Սակայն առաջին ինքնաթիռը «Արմավիա»-ն ստացավ միայն 2011թ. ապրիլի 19-ին։ Հայկական ավիափոխադրողի կողմից ինքնաթիռների ձեռքբերման գործարքը վարկավորել է ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ը։
Civilnet











