Եթե չինացիները չհրաժարվեն պետական սեփականությունից
Չինաստանում լայնածավալ ճգնաժամ կբռնկվի, եթե երկրի կառավարությունը տնտեսական նոր բարեփոխումներ չնախաձեռնի։ Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն տնտեսությունում պետության մասնաբաժնի նվազեցմանը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի և Չինաստանի կառավարության փորձագետների «Չինաստանը մինչև 2030թ.» զեկույցը։
Զեկույցիհամաձայն՝ վերջին տասը տարում չինական տնտեսության կարգավորման մեջ զգալիորեն մեծացել է կառավարության դերը։ Չինաստանի տնտեսական բարեկեցությունը մեծապես կախված է ՀՆԱ-ի աճից, և վերջինիս տեմպի դանդաղման դեպքում ճգնաժամը կվարակի երկրի տնտեսության բոլոր ճյուղերը, կարծում են զեկույցի հեղինակները։ Ավելին՝ պետության մասնակցությունը բացասաբար է անդրադառնում տնտեսական աճի վրա։
Չինական բյուրոկրատիան պետական ձեռնարկությունները չափազանց անարդյունավետ է կառավարում, արձանագրում է զեկույցը և Չինաստանի կառավարությանը կոչ անում խթանել մրցակցությունն ու ձեռներեցությունը, ինչպես նաև մասնավորեցնել պետական ձեռնարկությունները։
Պաշտոնական Պեկինի կանխատեսումների համաձայն՝ 2012թ. ՀՆԱ-ի աճը կկազմի 8%, 2013-2016 թթ.՝ 6,6%։ Հատկանշական է, որ նախորդ երեսուն տարիների ընթացքում չինական տնտեսությունը տարեկան 10% աճ է ունեցել։
Նշենք, որ 2011թ. նոյեմբերին Չինաստանի արդյունաբերական արտադրությունը նվազեց՝ առաջին անգամ վերջին երեք տարիների ընթացքում։ Պատճառը ոչ միայն Եվրոպայի պարտքային ճգնաժամն էր, որը կրճատել է չինական ապրանքների պահանջարկը, այլև ներքին սպառման կրճատումը, ինչը երկրում դրամավարկային քաղաքականության խստացման հետևանք է։ 2011թ. 3-րդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը Չինաստանում տարեկան կտրվածքով կազմել է 9,1%, ինչը վերջին երկու տարիների նվազագույն ցուցանիշն է։
Civilnet











