Peugeot-ն և GM-ը մտադիր են դաշնակցել Եվրոպայում
Ֆրանսիական PSA Peugeot Citroen-ը և ամերիկյան General Motors-ը (GM) մտադիր են ալյանս ստեղծել, որը ենթադրում է ավտոպահեստամասերի համատեղ նախագծում և արտադրություն Եվրոպայում։ Բանակցությունների հաջող ավարտի դեպքում Peugeot-ին և Opel/Vauxhall-ին (GM-ի եվրոպական ստորաբաժանումը) կհաջողվի եվրոպական շուկայում կրճատել ծախսերը, գրում է բրիտանական The Financial Times-ը։
Մամուլում ավտոհսկաների հնարավոր ալյանսի մասին լուրի հրապարակմանն անմիջապես հաջորդեց Peugeot-ի հայտարարությունը, թե իրենք համագործակցության շուրջ բանակցություններ են վարում երրորդ ընկերության հետ։ Peugeot-ի և GM-ի միջև բանակցությունների փաստը ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում, սակայն, հաստատեց Ֆրանսիայի աշխատանքի նախարար Կսավիե Բերտրանը, ինչին հաջորդեց Peugeot-ի բաժնետոմսերի 16%-անոց արժևորում։
Peugeot-ի և GM-ի միավորումը չի ենթադրում միաձուլում կամ բաժնետոմսերի փոխանակում։ «Ընկերություններն անկախ կմնան, քանի որ դիտարկում են առավելապես տեխնոլոգիաների փոխանակման և պահեստամասերի համատեղ նախագծման հնարավորությունը»,– գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։
«Եվրոպական ավտոարդյունաբերությունը կոնսոլիդացիայի կարիք ունի, այս պայմաններում Peugeot-ի ու GM-ի միավորումը, միգուցե, հաջողությամբ պսակվի»,– նշում են բրիտանական Bernstein Research-ի փորձագետները՝ հավելելով, որ ազատ ալյանսը միայն ժամանակավոր լուծում է, իսկ լայնամասշտաբ համագործակցության համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ։
Նշենք, որ վերջին շրջանում և՛ Peugeot-ն, և՛ GM-ը եվրոպական ստորաբաժանումները կրկին շահութաբեր դարձնելու նպատակով բանակցություններ են վարել այլ կոնցեռնների հետ։ Peugeot-ն գործընկեր է փնտրում 2009-ից ի վեր։ Վերջին երեք տարում Peugeot-ն համագործակցության շուրջ բանակցություններ է վարել Fiat-ի և Mitsubishi-ի հետ։ Դրանք սակայն արդյունք չեն տվել, քանի որ Peugeot-ում մշտապես հրաժարվել են զիջել ընկերության վերահսկողությունը։
Անցած շաբաթ Peugeot-ն հայտարարեց 2011թ. 2-րդ կիսամյակում կրած €497 մլն-ի վնասի մասին։ Opel-ը 2011-ը փակել է $747 մլն վնասով, որից $562 մլն-ը՝ միայն 4-րդ եռամսյակում: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում GM-ը ռեկորդային՝ $7,6 մլրդ-ի շահույթ է ստացել։
PSA Peugeot Citroen-ը մարդատար ավտոմեքենաների երկրորդ ամենախոշոր արտադրողն է Եվրոպայում՝ Volkswagen AG-ից հետո։ Ընկերությունը ձևավորվել է 1976թ. Peugeot-ի կողմից Citroеn-ի բաժնետոմսերի 90%-անոց փաթեթի ձեռքբերման ճանապարհով։ Աշխատակիցների թիվը 186 հազ. է։
GM-ը մարդատար և բեռնատար մեքենաներ է թողարկում աշխարհի 34 երկրում։ Ընկերության աշխատակիցների թիվը 244,5 հազ. է։ Ինչ վերաբերում է Opel-ին, ապա նրա պատմությունը սկիզբ է առնում 1862-ից։ 1929թ. GM-ը գնել է Opel-ի 80%-ը, 1931թ. ամերիկյան ընկերությունն իր մասնաբաժինն Opel-ում հասցրել է 100%-ի։
Civilnet











