Հավատացած են Համաշխարհային բանկի փորձագետները
Չնայած ներկայիս ճգնաժամին՝ եվրոպական ինտեգրման պատմությունը հաջողության պատմություն է, գրում են Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Մարտին Ռեյզերը և բանկի Եվրոպայի գծով ավագ տնտեսագետ Ինդերմիտ Գիլը գերմանական Handelsblatt-ի իրենց հոդվածում։ Այն թարգմանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։
Աշխարհում դեռ միայն Եվրոպային է հաջողվել հասնել բարեկեցության և համերաշխության չափազանց ներդաշնակ համադրության։ Հնարավոր է՝ այս պնդումը պարադոքսալ թվա 2011թ. վերջին եվրոպական մի շարք տնտեսությունների կրճատման ֆոնին։ Սակայն բոլոր հիմքերը կան՝ Եվրոպայի վերջին 60 տարիների տնտեսական և սոցիալական զարգացումը հաջողության պատմություն համարելու համար։
Առաջին. մեր մոլորակի որևէ այլ մայրցամաքի չի հաջողվել հասնել տնտեսական այսպիսի սերտ ինտեգրման. համեմատաբար աղքատ երկրները վերածվել են հարուստ և արդյունաբերապես զարգացած պետությունների։ Ո՞վ է այսօր հիշում, որ Հունաստանում 1974թ. ռազմական խունտայի տապալումից հետո մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն ընդամենը €2050 էր։ Այսօր, չնայած ճգնաժամին, ցուցանիշը տասն անգամ մեծ է։ 1990թ. Լեհաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող առավելագույն եկամուտը €1600 էր, ներկայում՝ €9200։
Երկրորդ. Եվրոպան մինչ օրս կառուցողական աշխատանքի և տնտեսական փորձառության որակի այնպիսի մարմնավորում է, որի նպատակը շահույթ ստանալու ձգտման և սոցիալական պատասխանատվության մեկտեղումն է։ Եվրոպական դիզայնը, օրինակ, ոգևորում էր Սթիվ Ջոբսին, զարգացող որոշ երկրների (Բրազիլիա, Չինաստան) քաղաքական գործիչները մինչև այժմ հավատարմության երդում են տալիս սոցիալական կողմնորոշում ունեցող նման տնտեսություն կառուցելու ձգտմանը։
Մի շարք ոլորտներում (ավտոմոբիլաշինություն, ինքնաթիռաշինություն) եվրոպական ընկերություններն առաջվա պես շարունակում են համաշխարհային առաջատար մնալ, իսկ Made in Europe-ը՝ որակի միջազգային չափանիշ։ Այդուհանդերձ, Հարավային Եվրոպայի մրցունակությունը վերջին տասնամյակում կտրուկ անկում է ապրել։ Եվրոգոտու ներկայիս ճգնաժամի գլխավոր պատճառն էլ հենց եվրոպական պետությունների տնտեսական զարգացման անհամաչափությունն է:
Երրորդ. Եվրոպայից բացի՝ ոչ մի այլ տարածաշրջանի չի հաջողվել հասնել տնտեսական հաջողության և համերաշխության սկզբունքների այդքան սերտ միավորման: Միայն Եվրոպայում մարդիկ ունեն այդքան շատ ազատ ժամանակ և միևնույն ժամանակ՝ բարեկեցության այդքան բարձր մակարդակ։ Հետաքրքիր է, որ բրիտանական The Economist-ի հարցման համաձայն՝ բնակության համար աշխարհի ամենահարմարավետ 30 քաղաքների երկու երրորդը հենց Եվրոպայում է։
Նախկին փայլի վերականգնում
Այդուհանդերձ, եվրոպացիները զգում են, որ այս ձեռքբերումներից շատերն այսօր վտանգված են։ Միաժամանակ նրանք մոռանում են, որ մրցունակությունը լիովին համադրելի է սոցիալական հավասարության հետ։ Այս տեսանկյունից ոգևորիչ են բարեփոխումների հաջող փորձերը Գերմանիայում, ինչպես նաև Դանիայում, Շվեդիայում և Նիդեռլանդներում։
Եվրոպան բոլոր շանսերն ունի՝ իր նախկին փայլը վերականգնելու համար։ Միայն թե բարեփոխումներ են անհրաժեշտ։ Եվրոպական ինտեգրման շարժիչը կրկին պետք է թափ հավաքի. ոչ միայն ընդհանուր շուկան պետք է ամրապնդվի, այլև միասնական Եվրոպայի լիազորությունները՝ ֆինանսական շուկաների, էներգետիկ շուկայի, տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտների կարգավորման տեսանկյունից։
Թվային հեղափոխությունը համարյա թե Եվրոպայի կողքով անցավ։ Այժմ չի կարելի թույլ տալ, որ նույնը ապագայի տեխնոլոգիաների հետ պատահի։ Եվրոպան ներդրումային միջավայրի արագ բարելավման կարիք ունի։
Սեփական ուժերից հուսախաբ
Հին աշխարհն իր ուշադրությունն առաջին հերթին պետք է սևեռի ժողովրդագրական պատկերի վրա։ Չնայած կյանքի տևողության աճին՝ եվրոպացիները ներկայում տասը տարի ավելի շուտ են գնում թոշակի, քան 60-ականներին։ Աշխարհի ոչ մի հասարակություն չի կարող իրեն թույլ տալ կյանքի տևողության աճի և ծնելիության մակարդակի նվազման ֆոնին կրճատել աշխատանքային ինչպես օրը, այնպես էլ պարտադիր ստաժի չափը։
Բարդ է արդարացում գտնել նաև նրան, որ եվրոպական որոշ երկրներում բնակչության թվաքանակի նվազման ֆոնին երիտասարդների կեսը չի կարողանում աշխատանք գտնել։ Այս իրավիճակը շտապ շտկում է պահանջում։ Եվրոպան պետք է բարեփոխի կենսաթոշակային համակարգը, աշխատանքի նոր շուկաներ գտնի և բարձրացնի աշխատանքային ռեսուրսների արդյունավետությունը։
Եվրոպական մոդելը ներկայում վստահության ճգնաժամի մեջ է։ Մտավախություն կա, որ մայրցամաքը, սեփական ուժերից հուսախաբ, կհրաժարվի եվրոպական ինտեգրման սկզբունքներից։ Սակայն դեպքերի զարգացման նման սցենարն իսկական ողբերգություն կլինի։ Ընդհակառակը՝ ճգնաժամը պետք է ընկալել որպես եվրոպական մոդելի բարեփոխման շանս։ Եթե դա տեղի ունենա, ապա Եվրոպային երկրորդ երիտասարդություն է սպասվում։
Civilnet











