Այն փոխարինելի է, եթե միայն...
Համաշխարհային տնտեսությունը իրանական նավթի մատակարարման լիակատար դադարեցման հետևանքները չի զգա, եթե միայն Պարսից ծոցում պատերազմ չսկսվի։ Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկյան PKVerleger խորհրդատվական ընկերության նախագահ, Պետերսոնի անվան միջազգային տնտեսագիտության ինստիտուտի դասախոս Ֆիլիպ Վեռլեգերը։ Թեմայի վերաբերյալ իր ուսումնասիրությունում այս տեսակետը նա հիմնավորել է հինգ հիմնական գործոնով։
Առաջին. Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի երկրները իրանական նավթի մատակարարումները կարող են փոխհատուցել սեփական նավթի արդյունահանման ծավալների մեծացման հաշվին։ Իրանական նավթը բացառիկ չէ, և այն իր որակով չի տարբերվում այլ երկրներում արդյունահանվող նավթից։ Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների՝ Իրանն օրական արտահանում է միջինը 1,5 մլն բարել նավթ։ ՕՊԵԿ-ի երկրներն այս ցուցանիշը մինչև 5 մլն բարել/օր բարձրացնելու ներուժ ունեն, ինչը լիովին կփոխհատուցի իրանական նավթի դեֆիցիտը։ Ընդ որում՝
-Լիբիան ավելացնում է նավթի արդյունահանման ծավալները, ինչը դադարեցվել էր դեռ հեղափոխության ընթացքում։ Այս երկրում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նավթի արդյունահանման ցուցանիշը 40 հազ. բարել/օր-ից բարձրացվել է մինչև 1 մլն բարել/օր, որը առավելագույն սահմանը չէ։
-Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է իրանական նավթի մատակարարումները լիովին փոխհատուցելու իր պատրաստակամության մասին։ Թագավորությունը կարող է ներկայիս 10 մլն բարել/օր ցուցանիշը հասցնել մինչև 12,5 մլն բարել/օր-ի։
Երկրորդ. ԱՄՆ-ը նավթի գնանշումները զսպելու համար ծայրահեղ դեպքում կարող է վաճառել իր ռազմավարական պաշարների ավելցուկները։ ԱՄՆ-ը 18 ամիս շարունակ կարող է նաև առանց որևէ զգալի «ցավի» 500 հազ. բարել/ օր նավթ արտահանել շուկա։
Երրորդ. Եվրոպան ևս կարող է մեղմել պատժամիջոցների բացասական էֆեկտը՝ իր ռազմավարական պաշարների վաճառքի հաշվին։
Չորրորդ. 2011թ. վերջին եվրոպական Petroplus-ի նավթավերամշակման երեք գործարանների անսպասելի փակումը եվրոպական շուկայում հում նավթի պահանջարկը նվազեցրել է առնվազն 700 հազ. բարել/օր-ով։ Գործնականում սա հավասար է Իրանից մատակարարվող նավթի ծավալին։
Հինգերորդ. նավթի պահանջարկի աճի դանդաղումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆինանսական խնդիրներով։ 2012թ., ամենայն հավանականությամբ, ավելի քիչ նավթ կսպառվի, քան 2011թ.։
Civilnet











