Անտրամաբանական, բայց հաստատված հիպոթեզ է
Որքան վատ է տնտեսության վիճակը, այնքան երկար ենք ապրում մենք, գրում է Bloomberg-ի սյունակագիր, Citigroup-ի փոխնախագահ, նախկինում ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի տնտեսական խորհրդատու Պիտեր Օրզագը։
Խնդիրներն աշխատաշուկայում բնակչության մոտ սթրես են առաջացնում։ Ուստի կարելի է ենթադրել, որ տնտեսական վիճակի շուրջ անհանգստությունները չեն նպաստում կյանքի տևողության աճին։ Սակայն որքան էլ զարմանալի թվա, ռեցեսիայի փուլերում ամեն ինչ տրամաբանորեն հակառակն է։
Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի նախնական վիճակագրության տվյալների՝ Միացյալ Նահանգներում 2007-2010 թթ. մահացության՝ ըստ տարիքի ստանդարտացված ցուցանիշը նվազել է 2%-ով։ 2010թ. ծնվածների համար կյանքի ակնկալվող տևողությունը հասել է 78,7 տարվա՝ 2007թ. 77,9 տարվա դիմաց (աճը՝ 0,8 տարի)։ 2004-2007 թթ., երբ տնտեսական վիճակն ԱՄՆ-ում համեմատաբար կայուն էր, կյանքի տևողության աճն ընդամենը 0,4 տարի է կազմել։
Ընդ որում՝ կյանքի տևողությունն ավելի շատ աճել է ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ գործազրկության մակարդակն ամենաբարձրն է եղել։ Գործազրկության ամենացածր մակարդակ ունեցող նահանգներում մահացության ցուցանիշը բավական բարձր է։
Նահանգներից ստացված այս տվյալները համապատասխանում են տնտեսագետների կողմից մատնանշվող այն օրինաչափությանը, թե գործազրկության մակարդակի՝ տոկոսային մեկ կետով բարձրացումը բերում է մահացության 0,5%-ով կրճատման։
Փորձագետները պարզել են, որ բնակչության առողջության համար տնտեսական անկումներն ավելի բարենպաստ են, քան վերելքները. այս անտրամաբանական հիպոթեզը հաստատում են 1920-1940 թթ. (Մեծ դեպրեսիայի տարիների) վիճակագրական տվյալները ևս։
Դեպրեսիայի ժամանակ թեև մեծանում է ինքնասպանությունների թիվը, այդուհանդերձ նվազում են այլ պատճառներով մահացությունները։ Ամեն դեպքում ռեցեսիայի ընթացքում կյանքի տևողության աճի մասին միտքը դժվար թե օգնի նրանց, ում այդպես էլ չի հաջողվում աշխատանք գտնել աշխատաշուկայում տիրող վատ դրության պատճառով։
Civilnet











