S&P-ն Հունաստանի վարկանիշը դարձրել է «ընտրովի»
Նախօրեին միջազգային վարկանշային Standard & Poor's (S&P) գործակալությունը Հունաստանի սուվերեն վարկային վարկանիշը «աղբային» CC մակարդակից իջեցրել է մինչև SD՝ «ընտրովի դեֆոլտ»։
Վարկանիշի իջեցումն անսպասելի չէր. S&P-ն այս մասին զգուշացրել էր դեռ փետրվարի 21-ին, երբ Հունաստանի կառավարությունը հաստատեց պետպարտատոմսերի նկատմամբ կոլեկտիվ գործողությունների մասին ակտը (collective action clause)։ Այն հունական պարտատոմսերի կամավոր փոխանակումը վերածում է պարտադիրի։ Ընդ որում՝ մասնավոր բոլոր ներդրողների պարտքը հարկադիր կերպով փոխանակվելու է անվանական արժեքի 46,5%-ով, եթե ներդրողների 66%-ը համաձայնի վերակառուցել հունական պարտքի այն հատվածը, որը պարտատոմսերի տեսքով թողարկվել է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը։
«Կարծում ենք, որ կոլեկտիվ գործողությունների մասին ակտում հետին ամսաթվով փոփոխությունները վերանայում են պարտքի նախնական պայմանները և անհուսալի պարտքի վերակառուցման մեկնարկ են»,– ասված է S&P-ի տարածած հաղորդագրությունում։ Այդուհանդերձ, եթե պարտատոմսերի փոխանակումը բարեհաջող ավարտվի, ապա հնարավոր է՝ Հունաստանի վարկանիշը բարձրացվի մինչև CCC։
Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ հնարավորինս շատ վարկատուներ կմասնակցեն վերակառուցման ծրագրին, ինչը S&P-ին կրկին թույլ կտա բարձրացնել եվրոպական այս երկրի վարկանիշը։ Շվեյցարական UBS-ի փորձագետ Ջեֆրի Յուի կարծիքով՝ Հունաստանի վարկանիշի իջեցումը չի ազդի շուկաների վրա, քանի որ այն սպասելի էր։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ միջազգային վարկանշային Fitch գործակալությունը ևս Հունաստանի սուվերեն վարկային վարկանիշը CCC-ից իջեցրեց մինչև մինչդեֆոլտային C։ Փետրվարի 27-ին Moody's-ի փորձագետները հայտարարեցին, որ Հունաստանի դեֆոլտի ռիսկը շարունակում է բարձր մնալ, հավանականությունը, որ մասնավոր վարկատուների մի մասը չի մասնակցի հունական պարտքի վերակառուցման ծրագրին, բավական մեծ է։
Հատկանշական է, որ S&P-ի որոշման հրապարակումից հետո Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է հունական պետական պարտատոմսերի՝ գրավի տեսքով ընդունումը։ Ակնկալվում է, որ հունական պարտատոմսերը որպես գրավ կընդունվեն 2012թ. մարտի կեսերից, երբ գործարկվի գրավների ընդլայնման սխեման, որը եվրոգոտու կառավարությունները համաձայնեցրել են անցած տարի։
Civilnet










