Գնորդներն անվան փոխարեն նախընտրում են որակն ու գինը
Տնտեսական ճգնաժամն ու անկայուն ժամանակներն անգամ ամենաապահովված հաճախորդներին են ստիպել խնայել։ Այս ձմռանը գնորդներն ավելի հաճախ են հրաժարվել լյուքսային բրենդներից՝ նախընտրելով գնային միջին սեգմենտը փոքր-ինչ գերազանցող հագուստը։ Փորձագետների կարծիքով՝ նորաձևության շուկայի այս հատվածի եկամուտները բավական արագ աճի ներուժ ունեն։
Դեռ ոչ այնքան վաղ անցյալում որակով լյուքս դասից ցածր, բայց զանգվածային սպառման սեգմենտից բարձր աքսեսուարների և հագուստի վաճառքները «դոփում էին տեղում». այսօր իրավիճակը տրամաբանորեն հակառակն է։ Ֆրանսիական The Kooples ընկերությունը (արտադրանքը $100-1000 գնային միջակայքում է) ընթացիկ տարվա համար կանխատեսել է վաճառքների ավելի քան 50%-անոց աճ, անգամ եթե Եվրոպայում շարունակի խորանալ տնտեսական ճգնաժամը։ Ընդ որում՝ աճի այս ցուցանիշը մի քանի անգամ բարձր է՝ համեմատ զանգվածային սպառման շուկայի արտադրանքի կամ լյուքսային բրենդների։ Ֆրանսիական CA Cheuvreux-ի փորձագետների կարծիքով՝ նորաձևության աշխարհի շքեղ ապրանքների վաճառքներն ընթացիկ տարում կաճեն 10%-ով։
«Գնային միջին դասի ապրանքանիշների աշուն-ձմեռ հավաքածուների վաճառքներն ուղղակի ցնցող էին»,– Bloomberg-ին ասել է փարիզյան Printemps հանրախանութի գլխավոր ապրանքագետ Տանկրեդ դը Լալենը՝ հավելելով, որ այսպիսի բրենդները հաճախորդներին գրավում են գնի, որակի և օրիգինալության հաջող հարաբերակցության շնորհիվ։ «Ճգնաժամը մարդկանց հարկադրել է մտածել, թե ինչ են պատրաստվում գնել»,– նշել է The Kooples-ի ղեկավար Ալեքսանդր Էլիշան։
Հատկանշական է, որ գնումներն առաջին հերթին ծանր ու թեթև են անում եվրոպացիները։ Ճգնաժամի պատճառով Հին աշխարհի բնակիչները, որոնք նախկինում միայն Gucci էին նախընտրում, այժմ հարկադրված են բավարարվել ավելի համեստ ապրանքանիշներով, գրում է գերմանական Handelsblatt պարբերականը։
Շուկան «ոչ լյուքս» դասի ապրանքներին առաջին անգամ ուշադրություն սկսեց դարձնել 2010թ. աշնանը, երբ լյուքս դասի LVMH-ը գնեց SMCP խմբի բաժնետոմսերի փաթեթը, որը ներառում է ավելի մատչելի Sandro, Maje և Claudie Pierlot բրենդները։ LVMH-ի վերլուծաբանների այս որոշումն էլ շուկայի փոփոխության ազդանշան դարձավ, կարծում են փորձագետները։
Ամերիկյան Bain ընկերության ուսումնասիրության համաձայն՝ գնորդներն այժմ նախընտրում են դասական ապրանքները, որոնք թեև ոճով համապատասխան են լյուքս դասին, սակայն համեմատաբար մատչելի են։ Բացի այդ՝ շարունակում է թանկանալ զանգվածային սպառման տեսականին, արդյունքում գների տարբերությունն այդքան էլ մեծ չէ համեմատ ավելի թանկարժեք սեգմենտի։ Մեկ միտում ևս՝ սպառողները խուսափում են բրենդային տեսականուց։ Եթե նախկինում մեծահարուստները նախընտրում էին հպարտորեն կրել լյուքս դասի ապրանքանիշ, այսօր նրանք խուսափում են այս կերպ ուշադրության կենտրոնում հայտնվելուց։
Civilnet










