Կենսաթոշակային ֆոնդերը խաղաղ հանգրվան են գտել
Գլոբալ շուկաների վերջին տարիների անկայունությունը բացասական ազդեցություն չի ունեցել կենսաթոշակային այն հիմնադրամների վրա, որոնք նախընտրել են ներդրումներն առավելապես զարգացող երկրներում։ Ավելին՝ այս հիմնադրամները երկնիշ շահույթներ են արձանագրել։ Այդուհանդերձ, ընթացիկ տարում խաղադրույքները զարգացող շուկաներում ավելի ռիսկային կլինեն։
Ըստ ամերիկյան Morningstar պորտալի տվյալների՝ 2009-2011 թթ. զարգացող շուկաների ուղղությամբ կենտրոնացած կենսաթոշակային հիմնադրամների տարեկան շահույթը կազմել է 15-20% (այն 3-4 անգամ գերազանցում է ոլորտի ընդհանուր ցուցանիշը)։ Եկամտաբերության պիկն արձանագրվել է 2010թ., թեև 2011թ. արդյունքները նույնպես վատ չեն եղել՝ 8-10%։
Փորձագետները հիմնադրամների այս հաջողությունները երկու հիմնական գործոնով են պայմանավորել։
Նախ՝ զարգացող երկրները հարկադրված են վարկատուներին փոխառությունների դիմաց բավական բարձր տոկոսադրույքներ վճարել։ Այսպես՝ Գերմանիայում և ԱՄՆ-ում բարձր հուսալիություն ունեցող եռամյա կամ հնգամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը մինչև 1% է, մինչդեռ նույն ժամկետայնությամբ բրազիլական պետպարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցում է 10%-ը։
Բացի այդ՝ զարգացող շուկաների ուղղությամբ կենտրոնացած կենսաթոշակային հիմնադրամները շրջանցում են անհուսալի եվրոն։ Նրանք ներդնում են հիմնականում դոլարով (բոլոր պորտֆոլիոների 85-100%-ը) կամ տեղական արժույթներով պետպարտատոմսերում։ Միակ բացառությունը թերևս բրիտանական Templeton EM Bon Fund-ն է, որի ակտիվների միայն կեսն է դոլարային։ Մնացած մասը պահվում է հիմնականում ասիական երկրների՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի և Հարավային Կորեայի ազգային արժույթներով։ Անցած տարի այս հիմնադրամը մրցակիցների նկատմամբ եկամտաբերության համեմատաբար ցածր ցուցանիշ է արձանագրել (1,6%), թեև ընթացիկ տարում այսպիսի ռազմավարությունը կարծես ավելի նպաստավոր դիրքերում է։
Ըստ ֆրանսիական Societe Generale-ի փորձագետների՝ ապագայում ներդրումները զարգացող շուկաներում շատ ավելի ռիսկային կարող են լինել, ինչը, սակայն, ներդրողների համար «խաղն» առավել գրավիչ է դարձնում։
Civilnet










