Ընկերությունը Եվրոպայում $600 մլն-ի վնաս է ակնկալում
Ընթացիկ տարում ամերիկյան ավտոարտադրող Ford Motor-ի վնասները Եվրոպայում կարող են կազմել $600 մլն։ «Պատճառը եվրոգոտու պարտքային ճգանաժամն է, որը կործանարար ազդեցություն է ունեցել տարածաշրջանում ավտոմեքենաների վաճառքի վրա»,– հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Լյուիս Բուտը։ Նրա կանխատեսմամբ՝ 2012թ. Եվրոպայում մեքենաների վաճառքներն ընդհանուր առմամբ կկազմեն 14-15 մլն միավոր։ Ընդ որում՝ սա Ford-ի ակնկալած նվազագույն ցուցանիշն է։
«Ներկայում Եվրոպան շուկայական ակտիվության սանդղակի ամենաներքևում է»,– նշում է Ford-ի տնօրենը՝ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ընկերության համար ակնկալելով մոտ $190 մլն-ի վնաս՝ նույնքան, որքան 2011թ. 4-րդ եռամսյակում։ Հետագա եռամսյակներում ընկերությունը, այդուհանդերձ, ցուցանիշների բարելավում է ակնկալում՝ նոր մոդելների թողարկման հաշվին։ Բուտը Ford-ի հաջող վաճառքներ է կանխատեսում, օրինակ, Հյուսիսային Ամերիկայում, որտեղ ավտոշուկան, ի տարբերություն եվրոպականի, վերելք է ապրում։
Հետաքրքրական է, որ չնայած եվրոպական շուկայում կրած անհաջողություններին՝ 2011թ. Ford-ը փակել է $13,6 մլրդ զուտ շահույթով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1998-ից հետո։
Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքների կրճատումը շուկային մղում է կոնսոլիդացիայի։ Նախօրեին ամերիկյան General Motors-ն ու ֆրանսիական Peugeot Citroen-ը հայտարարեցին ալյանսի ստեղծման մասին, որը թույլ կտա եվրոպական շուկայում ծախսերը կրճատել $2 մլրդ-ով։ «Ընկերությունները փորձում են խնդրի լուծման տարբերակներ գտնել»,– գործարքը մեկնաբանել է Բուտը։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Moody's միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսել էր, որ 2012թ. Արևմտյան Եվրոպայում մարդատար ավտոմեքենաների պահանջարկը 2011թ. համեմատ կնվազի 6,2%-ով, չնայած 3% աճի կվերադառնա 2013թ.։
Civilnet










