Պոլ Կրուգմանը ախտորոշել է ճգնաժամի պատճառները
Ինչո՞ւ է Եվրոպան դարձել համաշխարհային տնտեսության «ամենածանր հիվանդը»։ Թվում է՝ բոլորը գիտեն այս հարցի պատասխանը։ «Կարդացե՛ք Եվրոպայի մասին ցանկացած վերլուծական հոդված կամ էլ լրահոսում հայտնվող փաստերի շարադրանք և կգտնեք երկու պատմություն, որոնցից մեկը ես հանրապետական տարբերակ եմ համարում, մյուսը՝ գերմանական։ Դրանցից և ոչ մեկը իրերի իրական դրությանը չի համապատասխանում»,– ամերիկյան The New York Times պարբերականի իր սյունյակում գրում է հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Կրուգմանը։
Ըստ հանրապետական տարբերակի, որը նաև Միթ Ռոմնիի քարոզարշավի հիմնական բաղադրիչներից է, Եվրոպան հայտնվել է ծանր դրության մեջ, քանի որ չափազանց շատ է օգնել աղքատներին և դժբախտներին, իսկ այն, ինչ ունենք այժմ, բարեկեցության պետության վախճանն է: Ընդ որում՝ այս տարբերակը աջերի սիրելի թեմաներից է: Այսպես՝ 1991թ., երբ Շվեդիան հայտնվեց բանկային ճգնաժամում, Կատոնի ինստիտուտը շտապեց՝ հայտարարելով բարեկեցության պետության մոդելի ձախողման մասին։
Արդյոք պե՞տք է մեկ անգամ էլ հիշեցնել, որ Շվեդիան, որտեղ մինչ այսօր գործում է բավական շռայլ պետական սոցիալական համակարգ, ներկայում տնտեսական բարձր ցուցանիշներ է արձանագրում՝ աճի տեմպերով գերազանցելով բարեկեցիկ մյուս բոլոր երկրներին:
Կարելի է առանձնացնել եվրոբլոկի 15 երկիր (բացառությամբ Մալթայի և Կիպրոսի) և դասակարգել դրանք ըստ ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցությամբ սոցիալական ծրագրերի նախաճգնաժամային ծախսերի: Արդյոք այս դեպքում GIPSI կամ էլ PIIGS երկրներին՝ Հունաստան, Պորտուգալիա, Իսպանիա և Իտալիա, հնարավոր կլինի բարեկեցության խոշոր պետություններ համարել: Միայն Իտալիան կհայտնվեր լավագույն հնգյակում՝ զիջելով, սակայն, Գերմանիային:
Հետևապես՝ պետության չափից ավելի բարեկեցութունը չի կարող խնդիրների աղբյուր լինել։
Ըստ գերմանական տարբերակի՝ բոլոր խնդիրների հիմքում բյուջետային ոչ պատասխանատու քաղաքականությունն է:
Այս տեսությունը հաստատվում է թերևս միայն Հունաստանում և ոչ մի այլ տեղ: Մինչ ճգնաժամը Իտալիան ամրագրել էր բյուջեի իր պակասուրդը, որը գերմանականին փոքր-ինչ էր գերազանցում: Պորտուգալիայի բյուջեի պակասուրդը բավական փոքր էր, իսկ Իսպանիան և Իռլանդիան անգամ պրոֆիցիտ ունեին։
Ուշագրավ է, որ եվրոգոտու անդամ չհանդիսացող երկրները, որոնք մեծ պարտքեր և բյուջեի պակասուրդ ունեն, կարող են ճգնաժամի չառերեսվել: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը կարող են 2%-ով երկարաժամկետ փոխառություններ ներգրավել: Ճապոնիան, որի պարտքերը շատ ավելի մեծ են, քան եվրոպական ցանկացած երկրինը, այդ թվում՝ Հունաստանինը, փոխառված կապիտալի դիմաց վճարում է ընդամենը 1%:
Այլ կերպ ասած՝ տնտեսական դիսկուրսի «հելլենականացումը», թե պակասուրդային բյուջետային քաղաքականությունը մեկ կամ մի քանի տարի հետո անպայման «Հունաստան» է նշանակելու, ընդհանրապես անհիմն է:
Ո՞րն է ի վերջո Եվրոպայի դժբախտությունների պատճառը:
Խնդիրը, ամենայն հավանականությամբ, արժութային է: Եվրոպան, շրջանառության մեջ դնելով միասնական արժույթ՝ առանց նրա «անխափան աշխատանքը» երաշխավորող ինստիտուտների առկայության, գործնականում դրեց ոսկե չափանիշներին համապատասխանող թերությունների սկիզբը, որոնք, իրենց հերթին, Մեծ դեպրեսիայի առաջացման և խորացման պատճառ դարձան:
Եվրոյի ի հայտ գալը մասնավոր ներդրողներին հուսալիության կեղծ զգացողություն ներշնչեց՝ դառնալով դեպի եվրոգոտու արվարձանային երկրներ կապիտալի անկայուն հոսքի պատճառ: Այս ամենը, իր հերթին, հանգեցրեց, ծախքերի մեծացման, գների աճի, արդյունաբերության մրցունակության կորստի: Եվ, ի վերջո, այն երկրները, որոնք 1999թ. գործնականում հավասարակշռված առևտրային բալանս ունեին, սկսեցին առևտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտ արձանագրել:
Եթե արվարձանային այս երկրները սեփական արժույթներն ունենային, կկարողանային և, ամենայն հավանականությամբ, կդիմեին դեվալվացիայի՝ մրցունակությունը պահպանելու համար: Սակայն սեփական արժույթ նրանք չունեն, հետևաբար նրանց սպասվում է գործազրկության և դանդաղ դեֆլյացիայի երկար ժամանակահատված։ Եվրոգոտու խնդրահարույց երկրների պարտքային ճգնաժամն այս տխուր հեռանկարի կողմնակի ազդեցությունն է, քանի որ դեպրեսիայի հետևանքով տնտեսությունները բյուջետային դեֆիցիտ են արձանագրում, իսկ դեֆլյացիան մեծացնում է պարտքային ծանրաբեռնվածությունը։
Եվրոպական խնդիրների բնույթը հասկանալը եվրոպացիներին շատ բան չի տա։ Երկրները, որոնք հայտնվել են այս ամենում, կարող են ընդամենը ընտրություն կատարել մի շարք չարիքների միջև. նրանք կա՛մ պիտի լուռ կրեն դեֆլյացիայի լուծը, կա՛մ էլ դիմեն ծայրահեղ քայլի՝ դուրս գան եվրոգոտուց, ինչը քաղաքականապես անընդունելի է, և որի դեպքում կձախողվեն այլընտրանքային մյուս տարբերակները (այս սահմանին հավանաբար արդեն մոտ է Հունաստանը): Իրավիճակը փոխել կարող է թերևս Գերմանիան՝ չեղյալ հայտարարելով խնայողության քաղաքականությունն ու անցնելով գնաճի բարձրացմանը։ Բայց Բեռլինն այսպիսի քայլի չի գնա։
Մյուսների համար Եվրոպայում տեղի ունեցողը հասկանալը կարևոր նշանակություն կունենար, քանի որ Եվրոպայի մասին ստահոդ հեքիաթներն օգտագործվում են քաղաքական կոշտ և ապակառուցողական մարտավարություններ առաջ մղելու համար։ Հաջորդ անգամ, երբ ձեզ Եվրոպայի օրինակը բերեն՝ պնդելով տնտեսական խոր ճգնաժամի պայմաններում սոցիալական համակարգի պարզեցման կամ ծախսերի կրճատման անհրաժեշտությունը, հիշեք՝ նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում:
Civilnet










