Եվրոպան ամփոփում է գարնանային գագաթաժողովի արդյունքները
Եվրոգոտու պարտքային ճգնաժամի սուր փուլը հաղթահարված է, մարտի 1-2-ը Բրյուսելում կայացած գարնանային գագաթաժողովի արդյունքներն են ամփոփել Եվրամիության առաջնորդները։ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) գումարային խթանումներից և Հունաստանին ֆինանսական օգնության երկրորդ տրանշի հաստատումից հետո Եվրոպան ճգնաժամային քաղաքականությունից անցում է կատարում աճի քաղաքականության, վստահեցրել են Բրյուսելում։ Այդուհանդերձ, Իսպանիայում և Նիդեռլանդներում թերահավատ են, թե տնտեսական աճը հնարավոր է համատեղել խնայողական բյուջեի հետ, ինչ պարտավորեցնում է ԵՄ 25 երկրների առաջնորդների ստորագրած Բյուջետային պակտը։
«Վատագույնն անցյալում է». գագաթաժողովի ընթացքում հենց այս արտահայտությունն է ամենից շատ հնչել։ «Սա 2011թ. օգոստոսից ի վեր առաջին անգամ է, երբ մենք ոչ ճգնաժամային գագաթաժողով ենք հրավիրում»,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հավելելով, որ տարածաշրջանում տնտեսական լարվածության թուլացմանը նպաստել է Հունաստանին €130 մլրդ տրանշի հատկացման որոշումը, ինչպես նաև եվրոպական բանկերին ԵԿԲ-ի 3-ամյա վարկերը՝ €1 տրլն ընդհանուր արժողությամբ։
Հին աշխարհում պարտքերի կրճատման պատասխանատվությունն այսուհետ դրված է լինելու ԵՄ անդամ 25 պետությունների ստորագրած Բյուջետային պակտի ուսերին (պակտին հրաժարվել են միանալ Մեծ Բրիտանիան և Չեխիան)։ Այն պարտավորեցնում է բյուջեի կառուցվածքային առավելագույն դեֆիցիտը պահպանել անվանական ՀՆԱ-ի 0,5-1%-ի մակարդակում, եթե երկրի պետպարտքը չի գերազանցում ՀՆԱ-ի 60%-ը։
ԵՄ երկրները բալանսները պետք է կարգի բերեն մինչև 2014թ. հունվարի 1-ը (նպատակային ցուցանիշները խախտելու դեպքում պետությունները կարող են տուգանվել ՀՆԱ-ի 0,1%-ի չափով)։ Պակտում ամրագրված պայմանները պարտադիր են լինելու միայն եվրոգոտու երկրների համար։ Մյուս ութի համար դրանք միայն խորհրդատվական բնույթ են կրելու։
Նշենք, որ բյուջետային պակտի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն հաստատվի եվրոգոտու առնվազն 12 երկրի կողմից։ Առայժմ միայն Իռլանդիան է հայտարարել համաձայնագիրը հանրաքվեի դնելու մտադրության մասին։ Ակնկալվում է, որ մյուս երկրներում այն կհաստատվի ազգային խորհրդարանների մակարդակով։
Բյուջետային պակտը որոշակի անհանգստություն է առաջացրել Իսպանիայում և Նիդեռլանդներում։ Պաշտոնական Մադրիդն ու Ամստերդամը շտապել են հայտարարել, թե առանց խիստ խնայողության նոր միջոցառումների հազիվ թե իրատեսական են պակտում սահմանվող նպատակային ցուցանիշները։
«Իսպանիան պետք է հարգի այն նպատակները, որոնց տակ ստորագրել է»,– գագաթաժողովում հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը։ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել հնարավորինս արագ հաստատել Բյուջետային պակտը։ Փորձագետների կարծիքով՝ դժվար թե Բրյուսելը հանուն Իսպանիայի և Նիդեռլանդների զիջումների գնա, թեև փոխզիջման հնարավորությունը պետք չէ լիովին բացառել։
Civilnet










