Արևմուտքի ճնշման տակ Սեուլն Արաբական Էմիրությունները նախընտրել է Իրանից
Հարավային Կորեան $2 մլրդ կներդնի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նավթարդյունահանման ոլորտում, հաղորդում է Agence France-Presse-ը։
Նախագծում կորեական կողմը կներկայացնեն Korea National Oil Corp (KNOC) պետական ընկերությունն ու GS Energy-ն։ Վերջիններս ԱՄԷ-ի Abu Dhabi National Oil պետական ընկերության հետ հիմնած համատեղ ձեռնարկությունում կտնօրինեն բաժնետոմսերի 40%-ը: Բաժնետոմսերի 60%-անոց փաթեթը կպատկանի Abu Dhabi National Oil-ին։
Ընկերությունները մտադիր են ԱՄԷ երեք հանքավայրերից օրական 43 հազ. բարել նավթ արդյունահանել, որից 17 հազ-ը կանցնի կորեական ընկերություններին։ Համաձայնագրի գործողության ժամկետը երեսուն տարի է։ Անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը կմեկնարկի մոտ ապագայում, նավթի արդյունահանումը՝ 2014թ.։
Հետաքրքրական է, որ Հարավային Կորեան նավթի ներկրման ծավալներով աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ 2012թ. հունվարին երկիրը հարկադրված կրճատել է Իրանից ներկրվող ածխաջրածինների ծավալը՝ պայմանավորված Արևմուտքի կողմից պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացմամբ։
Այս պայմաններում Հարավային Կորեայի իշխանությունները ստիպված են նավթի ներկրման նոր աղբյուրներ փնտրել՝ շարունակելով նաև արտերկրում նավթային ակտիվների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Այսպես՝ 2011թ. մարտին KNOC-ը մոտ կես միլիարդ դոլարով ձեռք է բերել Ղազախստանի Altius Holdings-ի բաժնետոմսերի 95%-անոց փաթեթը։ Այս ընկերությանն է պատկանում Ղազախստանում նավթային հանքավայրերի շահագործման իրավունքը։
Ավելի վաղ KNOC-ը $1,55 մլրդ էր ներդրել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ածխաջրածինների թերթաքարային արդյունահանման նախագծում՝ Anadarko ընկերության հետ համատեղ։ 2009թ. KNOC-ը $450 մլն-ով գնել էր պերուական Petro-Tech Peruana-ի 50%-անոց մասնաբաժինը և $3,9 մլրդ վճարել կանադական Harvest Energy Trust-ի համար։
Civilnet










