Եվրահանձնաժողովում վերահաստատել են եվրոգոտու ռեցեսիան
Ներկայում եվրոգոտին «մեղմ ռեցեսիայի» փուլում է, հայտարարել է Տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը։
Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի վերանայված տվյալների համաձայն՝ 2011թ. 4-րդ եռամսյակում ինչպես եվրոգոտու, այնպես էլ ամբողջ Եվրամիության ՀՆԱ-ն հուլիս-օգոստոսի համեմատ կրճատվել է 0,3%-ով։ Այսպիսով՝ անցած տարի ԵՄ տնտեսությունն աճել է 1,5%-ով, եվրոգոտունը՝ 1,4%-ով։
Ըստ Եվրոստատի վերանայված տվյալների՝ գործնականում ռեցեսիայի փուլում են Բելգիայի, Նիդեռլանդների, Չեխիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի և Հունաստանի տնտեսությունները։ Նշենք, որ ռեցեսիան ենթադրում է տնտեսական անկում երկու եռամսյակ անընդմեջ։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը եվրոգոտում ռեցեսիա էր կանխատեսել այս տարվա հունվարի վերջին։ Այն արդեն երկրորդն է վերջին երեք տարվա մեջ։ Փորձագետները նշել էին, որ եվրոգոտու տնտեսական աճը կանգ է առել 2011թ. վերջին։ Նրանց կարծիքով՝ բացասական միտումները պահպանվելու են նաև ընթացիկ տարում, ընդ որում՝ անկումը կտևի 12 ամիս։ Նշենք, որ մինչ հունվարյան կանխատեսման հրապարակումը՝ ԵՄ-ում ակնկալում էին, որ եվրոգոտու ՀՆԱ-ի աճը 2012թ. կկազմի 0,5%։
Եվրոգոտում ՀՆԱ-ի աճի դանդաղման մասին է վկայում նաև գործարար ակտիվության ինդեքսը՝ PMI-ը։ Փետրվարին այս ցուցիչը կազմել է 49,3 կետ, ինչը վկայում է զբաղվածության, նոր պատվերների ու ձեռքբերման գների նվազման մասին։ Հունվարին PMI-ը 50,4 էր (50 կետը գերազանցող մակարդակը վկայում է գործարար ակտիվության աճի մասին), և վերլուծաբանները հավատացած էին, որ եվրոգոտու երկրներին այդուհանդերձ կհաջողվի խուսափել ռեցեսիայից։
Ամեն դեպքում՝ եվրոգոտու ամենախնդրահարույց երկիրը շարունակում է մնալ Հունաստանը։ Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) հաշվարկների համաձայն՝ Աթենքի անկառավարելի դեֆոլտը արժութային միությանը կարող է €1 տրլն-ի վնաս հասցնել: Ավելին՝ այսպիսի դեֆոլտի դեպքում ճգնաժամի ռիսկերի տարածումը կանխելու նպատակով Իտալիային և Իսպանային անհրաժեշտ կլինի €350 մլրդ-ի արտաքին աջակցություն։
Civilnet










