2011թ. ԱՄՆ-ում ոչ մի նոր ֆինանսական կազմակերպություն չի ստեղծվել
Անցած տարի Միացյալ Նահանգներում ոչ մի նոր բանկ չի ստեղծվել, գրում է բրիտանական The Financial Times պարբերականը՝ նշելով, որ մոտ 30 տարի է (1984-ից ի վեր), ինչ ԱՄՆ-ում նման բան տեղի չի ունեցել։ Խոսքը «զրոյից հիմնված» (de novo) ֆինանսական կազմակերպությունների մասին է, որոնք չեն ձևավորվել սնանկացած ցանցերի ձեռքբերման ճանապարհով։
ԱՄՆ-ի Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) հաշվետվությունում նշվում է 2011թ. երեք նոր չարտերի (բանկային գործունեության իրավունքի մասին փաստաթուղթ) տրամադրման մասին, ինչը թույլտվությունների նվազագույն ցուցանիշն է 1934-ից հետո։ Երեք այդ բանկերից և ոչ մեկը չի ստեղծվել «զրոյից»։
Վերջին տարիներին նոր բանկերի թիվն ԱՄՆ-ում կտրուկ նվազել է, ինչը փորձագետները պայմանավորում են 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամով։ Խնդիրը կարող է կապված լինել նաև ամերիկյան բանկային հատվածում խաղի կանոնների փոփոխության հետ, ինչի արդյունքում փոքրանում է շահույթ ստանալու հնարավորությունը։ Վերլուծաբանները ստեղծված իրավիճակը պայմանավորում են նաև նրանով, որ ավելի հեշտ է սնանկացած ֆինանսական կազմակերպությունների գնումը, քան նորերի հիմնումը։ Նշենք, որ 2011թ. ԱՄՆ-ում կլանվել է 198 բանկ, սնանկացել՝ 92 վարկային կազմակերպություն։
Ընթացիկ տարվա փետրվարին ամերիկյան բանկային համակարգի ներկայացուցիչները երկրի իշխանություններին են ուղղել «Վոլկերի կանոն»-ը (Փոլ Վոլկերը ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավարն է և Բարաք Օբամայի տնտեսական նախկին խորհրդականը) քննադատող ավելի քան 16 հազ. նամակ։ Բանկերը դժգոհում են, որ ԱՄՆ-ում ֆինանսական բարեփոխումներ նախատեսող նոր նորմերը սահմանափակում են բանկերի՝ շահույթ ստանալու հնարավորությունը։
«Վոլկերի կանոն»-ը, մասնավորապես, արգելում է առևտրային բանկերին զբաղվել ներդրումային բիզնեսով՝ նրանք չեն կարող հեջ ֆոնդեր հիմնել և «ռիսկային» շուկայական խաղ վարել։ «Վոլկերի կանոն»-ի լրամշակված տարբերակը ռիսկային գործառնությունների թվին է դասում նաև գործարքները եվրոպական պետպարտատոմսերով, ինչը ներկայիս պարտքային ճգնաժամի պայմաններում լուրջ հարված է եվրոգոտու տնտեսությանը, ամփոփում է The Financial Times-ը։
Civilnet










