Գլխավոր Լրահոս

Եվրավախի նոր սահմանը

Մադրիդն ու Լիսաբոնը Աթենքի ճանապարհն են բռնել

Նախօրեին Բրյուսելում կայացել է եվրոգոտու ֆինանսների նախարարների հերթական հանդիպումը, որի օրակարգում Աթենքին ֆինանսական աջակցության երկրորդ տրանշի տրամադրման հարցն էր, ինչպես նաև արժութային միության խնդրահարույց մյուս երկրներում տիրող ֆինանսական դրությունը։

Հունաստանը 2012-2015 թթ. կստանա ֆինանսական օգնության €130 մլրդ-անոց տրանշը, իսկ Իսպանիան և Պորտուգալիան ստիպված կլինեն կրկին ձգելու գոտիներն ու շարունակելու խիստ խնայողության քաղաքականությունը, հանդիպումից հետո պարզաբանել է Եվրոխմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ Հունաստանի վերաբերյալ բոլոր պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը նախատեսված է մարտի 16-ին։

Եվրոխմբում միակարծիք են, որ Հունաստանի պետպարտքի վերակառուցման գործընթացը հաջող է ընթանում։ «Առաջիկա օրերին մենք ակնկալում ենք պետպարտքի վերակառուցման ծրագրում մասնավոր ներդրողների մասնակցությունը հասցնել 100%-ի։ Ներկայում այն 96% է»,– հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը։ Յունկերը իր հերթին վստահություն է հայտնել, որ Աթենքին տրամադրվող ֆինանսական օգնությունը թույլ կտա մինչև 2020թ. երկրի պետպարտքը ՀՆԱ-ի ներկայիս 160%-ից նվազեցնել մինչև 117%։

Հին աշխարհը սպառնում է Մադրիդին

Բրյուսելյան հանդիպման մասնակիցները չեն շրջանցել նաև բյուջետային դիֆիցիտի դեմ պայքարող եվրոգոտու մյուս, մասնավորապես՝ Իսպանիայի և Պորտուգալիայի տնտեսությունների քննարկումը։

Եվրոխումբը Մադրիդին կոչ է արել բյուջեի դեֆիցիտը կրճատել ՀՆԱ-ի ևս 0,5%-ով։ Իրական արտահայտմամբ՝ Եվրոպայում գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող այս երկիրն իր բյուջետային ծախսերը ստիպված կլինի կրճատել ևս €5 մլրդ-ով։ Այդպիսով Եվրամիությունն Իսպանիայից պահանջում է խնայողության ավելի խիստ միջոցառումներ, քան ԵՄ անդամ մյուս երկրներից, որոնք արդեն իսկ դիմել են եվրոպացիների ֆինանսական աջակցությանը, գրում է բրիտանական The Financial Times-ը։ Նշենք, որ Մարիանո Ռախոյի կառավարությունն ավելի վաղ սահմանել էր բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ-ի 5,8%-անոց առաստաղ։ Անցած տարի Իսպանիայում այս ցուցանիշը գերազանցել էր փորձագետների կանխատեսումները՝ կազմելով ՀՆԱ-ի 8,5%-ը։

Ֆինանսական և տնտեսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը իսպանական տնտեսության աճի հեռանկարները 2012թ. համար «թույլ» է որակել՝ բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների պատասխանատվությունը դնելով իսպանական իշխանությունների վրա։

Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա Յունկերը դրական է գնահատել Լիսաբոնի «գոտիների ձգման» քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ երկիրը բարեհաջող է իրականացնում ֆինանսական կոնսոլիդացիայի ծրագիրը։ Պորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ-Կոելիոնը մարտի սկզբին հայտարարել էր, որ Լիսաբոնը, ի տարբերություն Մադրիդի, մտադիր չէ բարձրացնել 2012թ. համար բյուջեի դեֆիցիտի նպատակային ցուցանիշը։

Հետաքրքրական է, որ ԵՄ անդամ բոլոր պետություններից խնայողության խիստ միջոցառումներ պահանջող Գերմանիան թերակատարել է 2011թ. բյուջետային խնայողության սեփական ծրագիրը, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Խնայողության համար նախատեսված €11,2 մլրդ-ից Բեռլինին իրականում հաջողվել է խնայել միայն €4,7 մլրդ-ը։ Ընթացիկ տարում ևս Գերմանիայի կառավարությունը հետ է մնում իր ծրագրից։

Օգնության են գալիս հիմնադրամները

Եվրոխմբի ղեկավարը հանդիպման ընթացքում կոչ է արել ընդլայնել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) և Ֆինանսական կայունության մեխանիզմի (ESM) միջոցները։ Յունկերը Օլի Ռենին հանձնարարել է հիմնադրամների ծավալների ընդլայնման վերաբերյալ առաջարկներ մշակել։

Ի դեպ՝ EFSF-ն մտադիր է մարտին շուկայից €5,9 մլրդ ներգրավել՝ աջակցելու Հունաստանին ֆինանսական օգնության երկրորդ տրանշի տրամադրմանը, երեկ հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում